— Դու հեռացիր մյուս սենյակը, — ասաց նա Սանամին։
— Ի՞նչ, ի՞նչ ասացիր, հեռանա՞մ, — հարցրեց Սանամը զարմացած, որպես թե նրան մի անկարելի բան էին առաջարկում։
— Գնա, թող քիչ հանգստանամ, էգուց կխոսենք։
— Չէ, գլուխդ ցավո՞ւմ է, ցո՞ւրտ է կպել, բեր տեսնեմ, դու ինձանի՛ց թաքցնո՞ւմ ես։
Սանամը մոտեցավ Ռուստամին և ձեռը դրավ նրա ճակատին։
— Ձեռ քաշիր, ասում եմ, — բացականչեց Ռուստամը, հրելով մոր կրծքին։
— Տաքացած ես, բեր, խալդար կապենք վզիդ, — շարունակեց Սանամը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոսում։ — Տեսա՞ր, տեսա՞ր, Սուսան, էս առավոտ ասացի՞, որ երազ եմ տեսել, ասացի՞, որ կամ երեխաս գալու է, կամ գիր ենք ստանալու։ Ռուստամ, քեզ էս գիշեր երազումս մի ճերմակ ձիու վրա նստած տեսա, ճերմակ ձին դովլաթ է։ Հա՛, դու չափացնում էիր, ես էլ հետևիցդ...
— Լավ է, լավ, էգուց, էգուց կպատմես, ձեռ քաշիր, — ընդհատեց Ռուստամը մոր շատախոսությունը։
— Ինչ անեմ, ուրախությունից ինքս էլ չեմ իմանում ինչեր եմ դուրս տալիս։ Մուրաբա կուզե՞ս։
— Չէ. եթե ինձ սիրում ես, այս գիշեր մի խոսեցնի։
— Հա, հոգնած ես, բալաս, հա, թող տեղերդ պատրաստեմ, — ասաց Սանամը և մոտեցավ անկողնին, որ Ռուստամի համար անկողին պատրաստի։
Ամբողջ այդ խոսակցության ժամանակ Սուսանը ինքնաեռի քով կանգնած, ձեռները ծոցում ծալած, մտիկ էր անում մերթ Ռուստամին, մերթ Սանամին։ Երբ Ռուստամը նայում էր, Սուսանը իսկույն աչքերը ցած էր գցում։
Սանամը պատրաստեց անկողինը և երկու բաժակ թեյ խմեց, անդադար նայելով յուր որդու երեսին և չհամարձակվելով որևէ հարց առաջարկել նրան։ Սուսանը թեյ չէր խմում. շարունակ նայում էր ամուսնուն, կարծես, ձգտելով նրա դեմքի վրա կարդալ այն, ինչ մտածում էր Ռուստամը։
Սանամը մի անգամ ևս փորձեց որդուն մոտենալ և խոսեցնել,