Սուսանը լուռ էր։
— Պատասխանիր, լիրբ, շան զավակ, պատասխանի՛ր, ճանաչո՞ւմ ես, — կրկնեց Ռուստամը, աշխատելով ձայնը շատ էլ չբարձրացնել։
Նա վեր թռավ տեղից և, բռնելով Սուսանի թևից, կրկնեց մի քանի անգամ․ «չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում»։
— Սեյրանին ճանաչում եմ, — վերջապես շշնջաց Սուսանը թույլ կերպով։
— Ո՞վ է նա։
— Մեր հարևանի տղան։
— Հարևանիդ տղան և քո, և քո, և քո երկրորդ մարդը, չէ՞...
Ռուստամի շնչառությունը քանի գնում, այնքան սաստկանում էր, իսկ ձայնը խեղդվում։
— Ի՞նչ ես խոսում, — մրմնջաց Սուսանը, ապշած նայելով Ռուստամին, որ նրա թևը բռնել էր ձախ ձեռով։
— Ես ո՞վ եմ, — հարցրեց Ռուստամը, ուղիղ Սուսանի աչքերին նայելով։
— Դու Ռուստամն ես։ Քո ի՞նչն եմ։
— Իմ մարդը։
— Սուտ ես ասում, անիծված կնիկ, քո մարդը Սեյրանն է, Սեյրանը, Սեյրանը։ Խոստովանիր, ասում եմ, թե չէ...
Այս ասելով նա բաց թողավ Սուսանի թևը, դաշույնը մերկացրեց, մի երկու քայլ հեռացավ և կանգնելով նրա դեմ ու դեմ, ասաց․ — տեսնո՞ւմ ես։
Կանթեղի լուսավորության տակ դաշույնը փայլեց ինչպես կայծակ։
Սուսանի մարմնով մի սարսուռ անցավ, բայց հանկարծ նա, կարծես, մի բան մտաբերելով, ուշքի եկավ և ասաց.
— Հիմա հասկացա։ Ռուստամ, քեզ չար լեզուները խաբել են։ Սեյրանին ես ճանաչում եմ, նա իմ առաջվա փեսացուն էր, ծնողներս քեզանից առաջ նրա հետ էին ուզում պսակել։
— Դու նրան սիրել ես, անիծված, խոստովանվիր, ողջ քաղաքն է ասում։