տա, որ ես աղա Մակարի աչքում սիրելի դառնամ, օրեցօր նրա մոտ առաջանամ, հասնեմ Գրիգորի աստիճանին, այսինքն՝ մինչև մագազինի դրամարկղը։ Այնուհետև, ավելի ու ավելի առաջանալով, վերջապես, ինքս էլ մի օր աղա Գուլամյանց դառնամ, նրա նման հարստություն դիզեմ, փառավոր տներ շինել տամ, կառքեր, ծառաներ, գործակատարներ պահեմ և, վերջապես, մեր քաղաքի մեջ աղա Գուլամյանցի պես ամենքի համար նախանձի առարկա լինիմ։ Այս տեսակ և հազար ու մի ուրիշ բաներ էի խնդրում աստծուց, վերջումն էլ խոստանում էի, որ եկեղեցի շինել կտամ, եթե նա իմ աղոթքը կատարի, երբ պատահմամբ, երեսս դեպի աջ շուռ տալով, տեսնեմ մի ծերունի եկեղեցու սանդուղքով դժվարությամբ ցած է իջնում։ Ես իսկույն ճանաչեցի — դա այն ծերունին էր, որին պատահել էինք մի փոքր առաջ շուկայում։ Իջնելով եկեղեցու հատակը, ծերունին երեք անգամ համբուրեց դռան մոտի առաջին սյունը և, զգուշությամբ փայտը դնելով պատի մոտ, բուխարայի մորթուց կարած երկայն ու սրածայր գդակը ձեռքին, գնաց եկեղեցու մեջտեղը։ Ես մոռացա իմ աղոթքը և նայում էի ծերունուն։ Մի բան, կարծես, քաշում էր իմ հայացքը դեպի նա։
Վաղեմի տաճարի հնամաշ և մրոտած սյուները, վերևից գրկելով իրարու, տարածել էին եկեղեցու պատառոտված փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա իրանց մութ շվաքը։ Իսկ պատուհաններից զուրկ, մաշված պատերը մռայլ և տխուր կերպարանք էին ստացել։ Նայելով ծերունու թառամած ու գունատ երեսին և կնճռոտված ճակատին, ինձ թվում էր, որ նրա հոգեկան տրամադրությունը բոլորովին համապատասխանում էր եկեղեցու մռայլ տեսքին։ Մոտենալով մեջտեղի սյուներից մեկին, նա գդակը, կարծես անզգայաբար, ձգեց հատակի վրա և երկու դողդոջուն ձեռները բարձրացնելով դեպի վեր, սկսեց աղոթել։ Նա կանգնած էր աղա Գուլամյանցից ոչ այնքան հեռու, հետևի կողմում, այնպես որ, եթե աղան երեսը հետ դարձներ, հայացքը պիտի ընկներ ուղղակի ծերունու դեմքին։ Մի քանի րոպե ծերունին, երեսը դեպի վեր բարձրացրած, աղոթում էր, անշարժ արձանի նման, ժամանակ-ժամանակ յուր ցամաքած շրթունքները դողդողացնելով։