պատասխանել Միզանդրոնցովին։ Թող Վարվառեն շուտով մի պատասխան տա․ եթե ինքը չի ուզում գրել, թող ասի, Մինաս Կրիլլիչն ինքը կգրի Միզանդրոնցովին։
— Ես երբեք գրիչ չեմ վերցնիլ նրա անունով,— պատասխանեց Վարվառեն հակիրճ։
— Ուրեմն, ես կգրեմ,— ասաց Մինաս Կիրիլլիչը։
— Իզու՛ր։
— Ի՞նչ գրեմ, ասա՛,— գոչեց ծերունին, վերջապես, համբերությունը կորցրած։
— Ոչի՛նչ։
— Անկարելի է։ Ես կգրեմ, որ դու համաձայն ես հաշտվել Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի, այսինքն քո օրինական ամուսնու հետ։
— Պապա,— արտասանեց Վարվառեն աղերսալի ձայնով։
Մինաս Կիրիլլիչը մի աթոռ վերցրեց, նստեց Վարվառեի մոտ և նայեց նրա երեսին լուռ։
— Վարիա, ների՛ր,— ասաց նա, ձայնը ցածրացնելով,— դու մայր չունես, ես քեզ համար և՛ հայր եմ, և՛ մայր, ուրեմն թող պարզ խոսեմ հետդ։ Առանց ամուսնու, Վարիա, մարդու կյանքը․․․ կյանք չէ․ հասկանո՞ւմ ես։ Տղամարդի և կնոջ համար աստված օրենքներ է դրել․․․ հասկանո՞ւմ ես։ Վարիա, դու երիտասարդ ես, քսանուվեց տարիդ նոր է լրացել։
Վարվառեն, երեսը ձեռներով ծածկեց և հազիվ լսելի ձայնով շշնջաց․
— Բավական է, պապա, մի խոսեք այդ մասին․․․ ես․․․ թույլ արարած չեմ․․․
Մինաս Կիրիլլիչը դարձյալ ոտքի կանգնեց։
— Վարիա, խնդրում եմ, տեսնո՞ւմ ես, նրա անունով եմ խնդրում։
Այս ասելով, նա ձեռը մեկնեց դեպի սենյակի պատն, ուր քաշ արած էր նրա հանգուցյալ ամուսնի մեծադիր լուսանկարը։
Վարվառեն կրկին երեսը ծածկեց, որ թաքցնի աչքերի մեջ փայլող արտասուքն, և ոչինչ չասաց։ Այնինչ՝ Մինաս Կիրիլլիչը,