տեսնելով, որ թանկագին մոր հիշատակն անգամ չի ազդում դստեր վրա, հուսահատվեց։
— Վարվառա Մինայեվնա,— գոչեց նա սրտմտությամբ,— վերջապես, ես հայր եմ, դուք որդի, պարտավո՞ր եք հարգել իմ աղաչանքը, թե՞ չէ։
Այսպես հոգնակի դեմքով սովորաբար ծերունին յուր դստեր հետ խոսում էր այն ժամանակ, երբ արդեն բարկացած էր լինում։
— Պապա, սպանեցեք ինձ, բայց մի՛ ստիպեք նրա երեսը տեսնել,— ասաց Վարվառեն, հուսահատությամբ ձեռներն ուժգին սեղմելով իրարու։
— Ապերա՛խտ աղջիկ, դուք ինձ անպատվում եք,— գոռաց ծերունին բարձրաձայն, ոտներն ուժգին զարկելով հատակին։
— Հա՜յր․․․
— Լռի՛ր, հանդուգն։
Այլևս համառ դուստրը չկարողացավ զսպել իրան։
Նա վեր թռավ աթոռի վրայից, մոլոր քայլերով մոտեցավ և երեսնիվայր ընկավ գահավորակի վրա։ Նա սկսեց սաստիկ արտասվել։ Նրա գեղակազմ թիկունքն ուժգին հեկեկանքից բարձրանում ու ցածրանում էին։ Եվ այդ րոպևին նրա ճնշված կրծքից հատ-հատ դուրս էին բխում հետևյալ խոսքերը․
— Ես ձեզ ձանձրացրել եմ, գիտեմ։ Բայց ժամանակ տվեք․․․ ես մի պաշտոն կգտնեմ․․․ Վարժուհի կդառնամ․․․կար անել կսովորեմ․․․ իմ ձեռքի աշխատանքով կապրեմ։ Միայն, ի սեր աստուծո, մի՛ ստիպեք ինձ նրա հետ ապրել․․․ ես սարսափում եմ․․․ ես չեմ կարողանում սառնարյուն մտաբերել նրա հետ անցկացրած օրերս․․․ Ոչ․․․ անկարելի է․․․ իմ ուժից վեր է․․․ ես չեմ կարող հաշտվել։
Մինաս Կիրիլլիչը մի տեղ արձանացած, լսում էր վշտացած սրտից հնչող այս դառն խոսքերը։ Նա գիտեր, որ այդ լոկ խոսքեր չեն, որ յուր դուստրն ընդունակ է գործելու այն, ինչ որ ասում է։
Երբ Վարվառեի ձայնը խեղդվեց հետզհետե զորանող հեկեկանքից, հանկարծ ծերունին ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործեց։ Մի վայրկյանում բարկության արտահայտությունը ջնջվեց նրա դեմքից։ Ծնողական խորին սերը պատերազմում