— Բայց ես ինչո՞վ եմ մեղավոր, տեր աստված,— ասում էր Վարվառեն։
Միթե նա կարո՞ղ է գուշակել, որ այդ տան մեջ նա պիտի գտնե նրան, որին անգիտակցաբար որոնում էր երկար տարիների ընթացքում։
— Ո՛չ, անկարելի է այսպես շարունակել,— շշնջաց Վարվառեն բորբոքված, անխնա ջարդելով մատները։— Այս երկու կրակի մեջ ապրելու ուժ չունիմ։ Բավական է, որքան տանջվեցի․ կամ այսպես, կամ այնպես…
Բայց ի՞նչպես։ Աջ է նայում — կանգնած է ջերմ սիրով սիրող հայրը, որին ինքը ևս պաշտում է յուր բոլոր ծնողասիրական զգացմունքներով և որի հանգստությունը կազմում է նրա գոյության տարրերից մեկը։ Ձախ է նայում — հանդիպում է հասարակական անողոք դատաստանին, կրոնի խստագույն սպառնալիքին։ Իսկ այնտեղ, դյութական զորությամբ մղում է նրա սիրտը Ռոստամյանը։ Մի կողմում, հոր պատիվը, հանգստությունը, մարդկանց նախապաշարմունքները, կրոնը, մյուս կողմում, աներկբա երջանկությունը։ Ո՞րն ընտրել, ո՞ւր դիմել — ահա բարդ հարցը, ահա երկսայրի սուրը, ահա դիլեմման, որ կարճ միջոցում սպառնում է մաշել, ոչնչացնել նրա հոգին։
Եթե նա այնքան չսիրեր հորն, եթե հայրն այնքան չերկնչեր հասարակությունից, այն ժամանակ գուցե դյուրին լիներ մի վճիռ կայացնել։ Իսկ ա՞յժմ․․․
— Ո՛չ, ես չեմ կարող այս անդունդն անցնել․․․
Ինչո՞ւ, մի՞թե, արդարև, անկարելի է։ Եթե մեկին նա չի սիրում մի՞թե մյուսին սիրելու իրավունքից էլ զրկվում է։ Սարսափելի՛ խստություն․․․ անգո՛ւթ հասարակություն։ Մեկը պնդում են, առանց մյուսը նախատեսնելու, և տակավին բնական օրենքներն արհամարհում են սառն, անսիրտ կանոններով, սնահավատությամբ։ Մարդկանց աչքում հերետիկոս դառնալ — ոչ, Վարվառեն այդ չի կամենում, նա ձեռք չի բարձրացնում ոչ ոքի սկզբունքների դեմ։ Բայց մի՞թե մի ոք այնքան անողոք պիտի գտնվի, որ յուր հեղինակությամբ խլե նրա անհատական ազատությունն, արհամարհե՞ ա՛յն, ինչ որ նրա համար ավելի սուրբ է և ավելի պաշտելի։