կնոջ կերպարանքը, չնայելով որ մի քանի տասնյակ տարիներ է, որ մի տան մեջ են ապրում։
Աղա Ստեփանն ուներ երկու աղջիկ — մեկը մոտավորապես 12, մյուսը 14 տարեկան։ Միայն սրանք չէին քաշվում ոչ ոքից, հետևաբար և՛ ինձանից։ Թամարը — մեծ քույրը — թեև այնքան գեղեցիկ չէր, որ տեսնողին հենց առաջին անգամից գրավեր, բայց և այնքան էլ տգեղ չէր, որի վրա անտարբեր աչքով մտիկ տալ լիներ։ Մյուս քույրը– Թագուհին — թեև յուր դեմքի գծագրությամբ շատ չէր զանաղանվում Թամարից, բայց նրանից ավելի գրավիչ էր, ծառա Գալուստի կարծիքով։ Սակայն այս — ծառայի կարծիքն էր, իսկ եթե ինձ հարցնեք, Թամարն անհամեմատ ավելի դուրեկան էր, քան Թագուհին։ Նրա երկայն և մի կապ հյուսած շագանակագույն մազերը, փայլուն և կրակոտ սև աչքերը, սև հոնքերը, ինչ թաքցնեմ, ինձ ավելի էին հիացնում, քան Թագուհու ավելի բարձր և ավելի հպարտ ու նուրբ կազմվածքը։ Թամարն ու Թագուհին այն ժամանակ ուսանում էին Շ... քաղաքի նոր բացված հայոց օրիորդաց ուսումնարանում։ Այս պատճառով նրանք ևս շուտ էին զարթնել, որ պատրաստվեն ուսումնարան գնալու։
Մակար աղան ինձ հրամայեց ուղեկցել նրանց մինչև ուսումնարան և հետո այնտեղից ուղղակի գնալ մագազին։ Ճանապարհին, կարծես, սատանան հենց խթում էր ինձ, որ ես անպատճառ խոսեմ իմ աղայի սիրուն աղջկերանց հետ։ Բայց ինչպես խոսք բանալ — ինքս էլ չէի իմանում։
— Թամար խանում, ձեր ուսումնարանում ի՞նչ են սովորեցնում, — վերջապես, համարձակվեցի արտասանել ամոթխածությամբ։
— Հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, — շարեց կրակոտ Թամարն իրարու հետևից արագ։
— Թանաբանությո՞ւն, ի՞նչ ասել է թանաբանություն, Թամար խանում, — հարցրի ես, դիտմամբ ինձ չհասկացող ձևացնելով, թեև գոնե անունն էլ գիտեի։
— Ախչի, Թագուհի, լիսիմ ե՞ս, թվաբանությունը թանաբանություն ա ասում, հա՛ հա՛, հա՛, — կչկչաց Թամարը, յուր քրոջ ուսին խփելով։