— Միզանդրոնցովից։
— Միզանդրոնցովից․․․ Նա դեռ հույս ունի կրկին ինձ հետ միանալու։
— Բայց ի՞նչ օրենքով․․․ ո՞ր իրավունքով։
— Չգիտեմ, չգիտեմ․․․ ես ոչինչ չեմ հասկանում․․․— գոչեց հուսահատ ձայնով Վարվառեն։
— Օրենքն իրավունք է տալիս ապահարզան պահանջելու, լսո՞ւմ եք, Վարվառե, մեղանչող ամուսինը պարտավոր է տալ ապահարզան։ Ես այս հաստատ գիտեմ․․․
— Իսկ եթե նա չի համաձայնվի՞։
— Պարտավոր է համաձայնվել, մեղանչողը նա է․․․ դուք կարող եք ապացուցանել․․․
— Ոչ․ նա երբեք հանձն չի առնիլ յուր հանցանքն, երբե՛ք, ես ճանաչում եմ նրան։ Կամենո՞ւմ եք, որ ե՛ս հանձն առնեմ մի չկատարած հանցանք․․․ Տեր աստված, ես․․․ ես․․․ պատրաստ եմ։ Բայց ո՛չ, զուր կլինի։ Ես դարձյալ կմնամ կապված, ազատությունը կստանա նա միայն։ Իսկ հա՞յրս․․․
Նա դարձյալ թուլացած նստեց աթոռի վրա և երեսը ձեռներով ծածկեց։
— Վարվառե, մի հուսահատվիր, մենք ուրիշ ելք կգտնենք,— գոչեց Ռոստամյանը, խելագարի պես ճանկելով Վարվառեի ձեռն և հպելով յուր բոցավառ շրթունքներին։ Թո՛ղ մեզ հալածեն, թող զզվեն մեզանից, փույթ չէ, ես չեմ վախենում ոչ ոքից․․․
— Հա՜յրս, հա՜յրս, մտածեցեք նրա՛ մասին,— ասաց Վարվառեն, թողնելով յուր ձեռը Ռոստամյանի ձեռների մեջ,— դուք գիտե՞ք, որ նա չի կարող մի այդպիսի զոհաբերություն անել․․․
— Նա բարի է, ազատամիտ է, նախապաշարված չէ․․․ Նա քեզ սիրում է։
Վարվառեն լուռ բացասաբար շարժեց գլուխը։
Ռոստամյանը շարունակեց․
— Ի՛նչ, միթե յուր միակ աղջկա բախտը չի՞ համոզիլ նրան, չի՞ կակղեցնիլ նրա սիրտը։ Վարվառե, ասացե՛ք, նա ձեզ սիրո՞ւմ է։
— Ես իրավունք չունիմ պահանջել նրանից անկարելին, հասկացեք․․․