Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ես ծիծաղում Թամար խանում, չեմ իմանում, հարցնում եմ էլի, — խոսեցի ես, նեղացած ձևանալով։

— Թանաբանություն չան ասիլ, թվաբանություն կասան, ա՛յ էրվես, էլ քո տերտերից հե՞նչ ես սորվալ, որ թվաբանությունը չես իմանում, — պատասխանեց Թամարը կատարյալ տեղային բարբառով, աջ ձեռքի հինգ մատները բաց անելով և ինձ ճանկ անելով։

— Ի՞նչ տերտեր, Թամար խանում,— կրկին հարցրի ես, կամենալով խոսակցությունը շարունակել։

— Ա՛յ, էն տերտերը, որ ամուիս համար ուզում ա զոռով աղջիկ ուզի։

— Սաղմոս, ավետարան, նարեկ, ճարտասանություն, — շարեցի ես էլ իմ ստացած գիտությունները։

— Բաս շեյթանություն չի սովորացուրա՞լ, — հարցրեց ուրախ Թամարը դարձյալ կչկչալով։

— Ի՞նչ շեյթանություն։

— Ա՛յ, ուրիշների տներում գիշեր — ցերեկ հավայի հաց ուտել, բազարներում պապիրոս ծխել, էլ չեմ իմանում ինչ։

Ես վարժապետիս — տեր-Վահակի — թուլությունները վաղուց գիտեի, այս պատճառով բոլորովին չզարմացա Թամարի խոսքերի վրա։

Մենք հասանք ուսումնարան։ Ես, գրքերը հանձնելով Թամարին, գնացի մագազին։ Բոլոր գործակատարներն եկել էին, առուտուրն արդեն սկսվել էր։ Ես իսկույն բռնեցի ինձ համար նշանակված տեղը։ Օրը շաբաթ էր։ Շ... քաղաքի վաճառականական խանութներում այդ օրն առուտուրը համեմատաբար շատ կենդանանում է, որովհետև մոտակա գյուղերի բնակիչները քաղաք բերում են զանաղան կենսական պիտույքներ — յուղ, պանիր, կաթ, հավ, ձու և այլն, վաճառում են և գոյացած փողերով առնում այն, ինչ որ իրանց հարկավոր է։ Աղա Գուլամյանցների մագազինը, ունենալով գյուղացիներից բազմաթիվ ծանոթներ, այդ օրը մի առանձին կերպարանք էր ստանում։ Ոչ մի մագազին, ոչ մի խանութ շաբաթ օրերն այնպես չէր լեցվում մուշտարիներով։ Գործակատարները շատ կտորներ չափելուց հոգնում էին։