ճակատին, զննեց հիվանդին, խրախուսեց և անմիջապես գրիչ ու թուղթ պահանջեց։ Ամեն ինչ կապկպած էր, այրի Նատալիան վազեց Ռոստամյանից բերեց գրիչ, թուղթ ու թանաք։ Մինչև այրիի վերադառնալը բժիշկը հարց ու փորձ էր անում հիվանդի մասին, ինքնուրույն հայացքներ ձգելով յուր շուրջը։ Երբ նա կողմնակի հարցերով իմացավ սենյակների դատարկության պատճառը, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա սկսեց ավելի մեղմ խոսել։ Մինաս Կիրիլլիչը չքավոր մարդ չէր․․․
Վարվառեն դեղերը ընդունեց այրի Նատալիայի օգնությամբ, որ մոր պես փայփայում էր նրան։
Մինաս Կիրիլլիչը, հարկավ, ուղևորությունը հետաձգեց անորոշ ժամանակով։ Կապոցներն և սնդուկները նորից բաց արին, սենյակներն ընդունեցին իրանց առաջվա տեսքը, խոհարարը մնաց, կյանքը սկսեց ընթանալ, ինչպես առաջ։
Բժիշկը գալիս էր առավոտ ու երեկո և միշտ խրախուսում էր, թե ոչինչ, շուտով հիվանդը կառողջանա,․․
Այրի Նատալիան օրական մի քանի անգամ այցելում էր Վարվառեին և ժամերով նստում էր նրա մահճակալի մոտ։ Բարեսիրտ կինն ուղղակի տանջվում էր, ակնհայտ տեսնելով, թե ինչ արագությամբ կյանքը սպառվում է գեղեցիկ և ծաղիկ մարմնի մեջ։ Տաքությունը մերթ սաստկանում էր, մերթ նվազում։ Իսկ բժիշկը շարունակում էր հուսադրել թե՛ հորն և թե աղջկան։
Եվ ինքը հիվանդը միայն ժպտում էր, երբ լսում էր բժշկի խրախույսը։ Նրա համար այլևս այսուհետև միևնույնն էր — կառողջանա, թե չէ, նա մտածում էր հոր մասին։ Ի՞նչ կպատահի, արդյոք, ծերունուն, ո՞վ կմխիթարի նրան և ինչո՞վ։ Սակայն երբեմն նա ինքն իրան սիրտ էր տալիս, թե վերջին տխուր անցքերը նվազեցրել են հոր սերը, ուրեմն հարվածն այնքան զգալի չի լինիլ ծերունու համար, որչափ եթե նա սիրեր Վարվառեին նախկին սիրով։ Ավելի վշտացնում էր հիվանդին Ռոստամյանի վիճակը,— այրին անմխիթար լուրեր էր հաղորդում յուր կենողի մասին։
Վարվառեի հիվանդությունն առիթ տվեց Ռոստամյանին, վերջապես, հայտնել այրիին յուր սերը, հայտնել այն, ինչ որ վաղուց հայտնի էր վերջինին։ Ինչու և ինչպես թաքցներ այլևս, քանի որ