Այս էջը սրբագրված է


աշխարհիս երեսին քի՞չ կան վատ, չարահոգի մարդիկ, ինչո՞ւ հիվանդությունը նրանց չի մոտենում։

Ռոստամյանը լսում էր թե չէր լսում, բայց անթարթ աչքերով նայում էր նրա երեսին։ Հանկարծ նա հարցրեց․

— Նատալիա Պետրովնա, դուք էլ, ուրիշների նման, մեղադրո՞ւմ եք Վարվառեին։

Նատալիա Պետրովնան հասկացավ Ռոստամյանի հարցի միտքը, բայց իսկույն չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան հառաչելով, նայեց դեպի գավիթ և նույն դրության մեջ ասաց․

— Աստծու գործն է, ես ի՜նչ գիտեմ։ Մարդս չի կարող աստծու արած բանին հակառակել․․․

Արդյոք, ո՞րն է «աստծու արած բանը», որին մարդ չի կարող հակառակել — Վարվառեի ամուսնությո՞ւնը, թե՞ սերը։ Այնինչ, այրին, մի փոքր անցած, կրկին ախ քաշեց և, ավելացրեց․

— Երանի թե ամենքն էլ Վարվառեի պես արդար լինեին․․․ Աստծուն է հայտնի, ինչպես սիրեցի նրան։

Ավելի նա ոչինչ չասաց։ Բայց վերջին անորոշ խոսքը, որ այրին արտասանեց մի առանձին եղանակով, պարզ արտահայտում էին խղճի բողոքը մանկությունից նրա մեջ արմատացած գաղափարների դեմ։

Ռոստամյանն այլևս ոչինչ չհարցրեց։ Դարձյալ գլուխը թեքեց կրծքին և դարձյալ աչքերը հառեց հատակի մի կետին․․․

XIV

Անցել էր մոտ ամիս ու կես։ Հունիսի սկիզբն էր, տարվա այն ժամանակն, երբ Թիֆլիսի բնակիչներր ցրվում են ամառանոցները, քաղաքը դատարկվում է, փողոցները զրկվում են կենդանությունից, շոգն անտանելի է դառնում։

Վարվառեի հիվանդությունն օրից-օր զարգանում էր։ Բժիշկը շարունակ այցելում էր և տակավին սփոփում էր Մինաս Կիրիլլիչին։ Բայց ծերունին նրա ձայնին, դեմքի արտահայտությանն և հիվանդին վերաբերվելու եղանակին ավելի էր հավատում, քան թե