Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/10

Այս էջը հաստատված է

Ա՜խ,— հառաչեց ճղակոտոր ծառը,— ես անիծել եմ քամուն, որ ոտքը կոտրի, տեղ չհասնի․․․ Նա իմ կանաչ ճյուղն էր կոտրել․․․

— Որ այդպես է, ընկիր ճամփա, գնա, չոքիր քամու առաջ, ներողություն խնդրիր, ասա թող գա, պաղ անձրևը մեզ մաշեց,— հրամայեց կաղնին։

Ճղակոտոր ծառն ընկավ ճամփա, գնաց, գնաց, մի ընդարձակ դաշտ դուրս եկավ։ Նա մոլորվեց․ չգիտեր աջ գնա, թե ձախ․ ուստի չոքեց մեծ ճամփու վրա, աղաչեց քամուն ներել իր սխալը, դուրս գալ, ցրել մռայլ թուխպերն ու դուրս բերել արևին սարերի հետևից․․․

Քամին իրեն սպասել չտվեց․ արևը դուրս լողաց իր թաքստոցից, թուխպերը կորան-կորսվեցին ու խնդության երգ հյուսեց սաղարթախիտ անտառը։

Միայն թե ծառը մնաց մեծ ճամփու վրա, չոքած, գծուծ, խեղճ ու մոլոր։

Այս բանն ինձ պատմում են մենակ բազկատարած ծառերը մեծ ճամփու վրա չոքած։

1903 թ․


8. ՄԱՀԻՆ

Երբ աշխարհը կերտվեց՝ դու ոչինչ էիր։ Եվ որովհետև դու ոչ մի կերտվածքի նյութ չես ունեցել տալու, աստղերին՝ փայլ, ծաղիկներին՝ բույր, քամուն՝ ուժ, մնացիր ոչինչ, աննյութ, անբովանդակ։

Տիեզերքում ամեն ինչ, ամեն շնչավոր թե անշունչ իր տեղը, իր կյանքը, ամբողջությունն ունի․ իսկ դու ոչինչ չունես։ Ուզում ես, որ խլես տանես, լինես ոչինչ և մնաս ոչինչ․․․

Եվ խեղճ ու գետնաքարշ շրջում ես ինձ հետ․ սպասում ընկերուհուս, որ գրկես տանես․․․ Երբ հանդիպենք անկարող կլինեմ կռվելու քեզ հետ և հենց իմ այդ անկարողության մեջ է քո ոչնչության մեծ գաղտնիքը․․․

Դու եկար, երբ ես ծնվեցի․ կգաս և մեռնելիս։ Ես ապրելով եմ հերքել ոչնչությանդ գոյությունը․․․

Սակայն դու ինձ կտանես լոկ այն ժամանակ, երբ ես ցանկանամ։

Երբ ցանկանամ ժայռի գագաթիդ խորխորատը թռչելու ակնթարթը վայելել։

Երբ ցանկանամ ընկնել ալիքների գիրկը, ծածկվել հորձանքների մեջ։

Երբ ցանկանամ կտրել կյանքիս թելը ոսկի։

Երբ անցած ճամփիս փոշին իջնի մազերիս վրա։

Երբ կորցնեմ օրերիս հաշիվը, հոգուս թևերը, աչքերիս աստղերը։