հանդուրժել պարտությունը․․․ (Ընկերոջը) Դու գնա․․․ (Ձեռքը նրա ուսին է դնում) Լսիր ինձ․․․ ես այստեղից ոչ մի քայլ անելու չեմ, թող լինի ինչ-որ լինելու է․․․
ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— Ես քեզ մենակ չեմ թողնի, հասկանո՞ւմ ես․․․ ինձ սպասում են տանը, կին, երեխաներ, մայր․․․ այս տագնապին, երբ մնում է մեզ մեր սեփական կաշու պաշտպանությունը, ի՞նչ անմտություն քո անտեղի համառությունը․․․
ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզված գրկում է ընկերոջն ու հեկեկում) Ինձ սպասող չկա․․․ Խոստացել էր մեկը՝ խաբեց․․․ ես դարձյալ մենակ մնացի, դարձյալ անտուն-անտեր․․․ բաղձանքներս ու տենչերս հօդս ցնդվեցին, չարը հաղթեց, բռնությունը ուժեղ էր մեզանից․․․ (Վճռական) Ես կմնամ այստեղ․․․ (Վճռական դիմում է բարիկադին ու հանկարծ նկատելով ծերուկին) Խեղճ ծերուկ, քիչ առաջ հանաք էր անում ու ինձ հիշեցնում աստծու կտակը՝ «Մի՛ սպանիր». (Կռանում է) Պապ, վեր կաց խոսենք. այժմ ես ուզում եմ խոսել (Ցնցում է նրան) Նա վիրավորված է․․․ պապ, ինչ գեղեցիկ դիրք հավերժ քնելու, կեցցե՜ս, ծերուկ․․․
ԾԵՐՈՒԿ.— (Թույլ ձայնով) Մի լակոտ ուզում էր դրոշը վար առնել․․․ չթողի, խփեց․․․ տրաքվում եմ, չեմ կարող․․․ այլևս բռնել․․․ կռացիր․․․
ԱՆՏՈՆ.— (Գթալից) Ասա, ի՞նչ ես ցանկանում, կկատարեմ։
ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) Սիրիր․․․ Մարթային․․․ լավ պահիր․․․ ասա որ մեռա ձեզ օրհնելով (Թույլ կերպով խաչակնքում է Անտոնի գլուխը):
ԱՆՏՈՆ.— (Ցնորված) Մարթային․․․ ո՞վ ես դու․․․ ո՞ւր է Մարթան․․․
ԾԵՐՈՒԿ.— (Ձգվում է) Օ՜ֆ, հանգստացա․․․ գնա կանչիր նրան․․․ ասա․․․
ԱՆՏՈՆ.— (Մոլորված) Ասա, ո՞ւր է․․․ շուտ․․․ (Վազելով գալիս է մեկը տաք հագնված, մինչև աչքերը շալով փակած, կարմիր խաչը թևին, երկու բանվորների հետ):
ՄԱՐԹԱ.— Զարմանալի բան. տեսել է մեռնող ծերուկին ու փոխանակ մի կերպ հիվանդանոց բերելու կամ իմաց տալու, պատմություն է անում, ես այդ տղային չհավանեցի, ընկերներ։ (Մոտենում է):
(Անտոնը և մեքենայապետը ետ են քաշվում, Մարթան կռանում է) Պապիկ․․․ (Գրկում է գլուխը) Այդ դո՞ւ ես․․․ (Լալիս է):
ԾԵՐՈՒԿ.— (Վերջին ճիգով) Ասացի․․․ չկարողացա․․․ ներիր․․․ Մարթա, զավակս. (Մարթան երկյուղած դնում է մեռնողի գլուխը գետնին, Անտոնը ապշած նայում է նրան, ծերուկը ժպտում է ու <պարզում> ձեռքը դեպի Անտոնը, նա մոտենում է ու ճանաչում)։
ԱՆՏՈՆ.— Մարթա․․․ (Գրկում է ու չոքում ծերուկի մոտ):