(Բռնում է ձեռքը) Ժպտա ինձ, սիրելիս. թո՛ղ քո բարի ժպիտը մնա ինձ հիշատակ: (Գլուխը հենում է կրծքին, բոլորն էլ լալիս են) Դե՛հ, մնաս բարով։
ԱՆՏՈՆ.— (Դառնասիրտ) Իհարկե, մի անմտություն էր ընկնել ցնորքների հետևից, մատնվել երազանքի, թող լինի պարտություն և իմ սիրույն, նա էլ թող փուլ գա այս բարիկադների հետ: Կնշանակե նրանց հիմքերը խարխուլ էին․․. (Կատաղած) Պետք էր էլ ավելի ուժեղ զարկ (Պարզում է բռունցքը) էլ ավելի ցասկոտ հարված․․․ (Մարթային) Ես քեզ սիրեցի այնպես, ինչ կերպ որ կարող էի, հոգու էլ ոչ մի անկյուն չմնաց, որ գերած չես։ Ինչո՞ւ այսպես եղավ՝ չգիտեմ․․․ Ազատ ես, Մարթա․․․ Ես, որ ամբողջ իմ հալածական ու թափառական կյանքով կռվել եմ բռնության դեմ ու կռվում եմ՝ ես չեմ կարող բռնանալ քեզ վրա․․․ գնա՛․․․
ՄԱՐԹԱ.— Օ՜, ո՛չ. ես քեզանից այդպես չեմ բաժանվի, հանդարտվիր, Անտոն։
ԱՆՏՈՆ.— (Առանց նրան նայելու) Ես այժմ ավելի քան հանդարտ եմ։
ՄԱՐԹԱ.— (Ժպտալով փաղաքշում է) Իսկ ես կուզեի, որ ինձ հաշտության համբույրով ճանապարհ գցեիր։
ԱՆՏՈՆ.— (Սառն) Դա մի ապահով զենք չէ մենակ ճամփա ընկնող աղջկա համար։
ՄԱՐԹԱ.— (Համբուրում է ձեռքը) Անտոն․․․
ԱՆՏՈՆ.— (Մեղմ ու հուզված նրա գգվանքից) Ասա՛․․․ (Նստում է ու գլուխը առնում ափերի մեջ, Մարթան հետևում է նրան):
ՄԱՐԹԱ.— Անտոն, քո կինը լինելու, քեզ բախտավորացնելու դեռ պատրաստ չեմ, արձակիր ինձ։ Մինչև հիմա դու ապրել ու կռվել ես քո գաղափարի, քո ձգտումների համար և հարվածել միշտ քո ճամփին կանգնողին։ Մի՞թե ես ևս իրավունք չունեմ լինել քեզ նման, առաջ դու էիր կանչում ինձ, ես չէի հասկանում և լսում քեզ, այժմ երբ հասկացա, ինչո՞ւ ես կանգնում իմ դեմ, մի՞թե գերադասում ես այն, որ կեղծեի, խաբեի քեզ ու խոնարհ կին դարձած քեզ ընտանեկան խաղաղություն ստեղծեի կեղծիքի ու անարգանքի մեջ թաքցրած․․․ չէ, չեմ կարող, անձնական ոչ մի վայելք ինձ չի գրավում, ոչ մի անդորր չի կանչում մրրկող հոգուս, մի կանգնիր իմ դիմաց․․․ թող գնամ․․․
ԱՆՏՈՆ.— (Կարոտով) Ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անելու, մի՞թե կարելի է այդքան թեթև կերպով նայել կյանքին, ա՜խ, Մարթա, Մարթա․․․
ՄԱՐԹԱ.— (Խիզախ) Գնում եմ ժողովրդի մոտ․․․
ԱՆՏՈՆ.— (Ժպտում է) Իսկ մինչև այժմ որտե՞ղ էիր, անխելք երեխա, և մի՞թե դրա համար ինձնից փախչել է հարկավոր, մի՞թե ես ժողովրդի թշնամի եմ․․․
ՄԱՐԹԱ.— (Համեստ) Ես այնպես չասի, ինչպես որ պետք էր․․․