Ես արտահայտվել չեմ կարող (Ժպտում է) Ուզում եմ գնալ գործել․․․ Նվիրվել կեղեքվածներին, իսկ եթե քեզ հետ լինեմ, սերն ու բախտավորությունը կլափե ինձ բոլորովին, կկուրացնե․․․ Ես ուզում եմ քեզ պես լինել․․․ արժանի լինել քեզ․․․ ուզում եմ քավել վատ օրերի մեղքը․․․ Թող սերս քեզ լինի ամբողջովին, խնամքս ու գութս կարոտյալներին։ (Հուզվում է սաստիկ) Չեմ հասկանում, ինչո՞ւ ես համառում, ուրիշ աղջիկների ինքդ էիր հրում, քարոզում, համոզում, որ նստած չմնան, գնան գործեն, մաքառեն․․․ Դու ինքդ դատապարտում էիր, ինքդ հանգստություն չէիր տալիս․․․ (Անտոնը նայում է նրան բուռն սիրով) Կգնամ, կգործեմ որքան ուժերս ներեցին, քեզ կգրեմ միշտ իմ մասին․․․
ԱՆՏՈՆ.— Հետո՞․․․
ՄԱՐԹԱ.— Հետո կգամ (Կարոտալի) Մինչ այդ ինձ չե՞ս մոռանա․․․
ԱՆՏՈՆ.— (Վճռական վեր է կենում և բարձրացնում Մարթային) Գնա․․․ թող քո կամքը լինի․․․ գգույշ կաց, գործելու պաշտոն ու աստիճան չկա այդ ասպարեզում, միշտ խոնարհ ու անկեղծ եղիր։ Գիտցիր, որ չես գնում պարտավորեցնելու կամ սովորեցնելու՝ այլ ընդհակառակը. այս մի մոռանար, հոգիս․․․ (Մեծ դժվարությամբ) Լավ պահիր քեզ․․․ (Գրկում է ու սեղմում կրծքին):
ՄԱՐԹԱ.— Ինձ չե՞ս մոռանա։
ԱՆՏՈՆ.— Քեզ մոռանա՜լ․․․ սիրտս, հոգիս, էությունս հետդ ես տանում, քեզ մոռանա՞լ կլինի․․․
ՄԱՐԹԱ.— (Բերկրանքով) Շնորհակալ եմ, կաշխատեմ, որ գոհ մնաս։ (Ծոցից ծրար է հանում) Առ, օրիորդի որդու մահվան պատճառով ինձ մնաց, մի մասը ես վերցրի․․․ սրանով էլ դու․․․ (Հեծկլտում է) մի անտեր, որբ տղա․․․ ընկեցիկ խնամիր․․․ անունը Մակար դիր․․․
ԱՆՏՈՆ.— (Սաստիկ զգացված) Դեհ, թող․․․ հերոսուհին էլ լա՞․․․ շտապիր, բաժանվենք, ժամանակը վատ է։ Ո՞ր կողմն ես գնալու․․․ (Քիչ մտածում է) Մենա՞կ ես․․․
ՄԱՐԹԱ.— (Հանգիստ) Որ կողմը եղածը դեռ չգիտեմ, հետո կիմանաս, իսկ գնում եմ Նինայի, Զինայի ու Օլյայի հետ․․․
ԱՆՏՈՆ.— (Զարմանքից քարացած) Նրա՞նց․․․ դո՞ւ․․․ սպասիր (Ինչ-որ մտածում է) Այդ դո՞ւ էիր հիվանդանոցում․․․ այդ քե՞զ էի գովում ընկերներիս․․․ ա՛հ․․․
ՄԱՐԹԱ.— Ես էի․․․
ԱՆՏՈՆ.— Ապա ասում էին, որ օտար տեղից է, ճանապարհը փակվելու առթիվ կայարան եկած․․․
ՄԱՐԹԱ.— Ես խաբել էի, անունս էլ փոխել, որ դու չիմանաս․․․ երբ տանից դուրս եկար, ես էլ իսկույն եկա քո հետևից։
ԱՆՏՈՆ.— (Գոհ, հանգիստ) Ո՞վ էր սպասում․ իսկ այն անպիտանները, գոնե մի խոսք ասեին, այժմ որտե՞ղ են։