ՄԱՐԹԱ.— Կայարանում ինձ են սպասում, գնացքը շարժվելուն պես գնում ենք:
ԱՆՏՈՆ.— Իսկ եթե ինձ չպատահեի՞ր (Ցավով) պիտի անհայտանայի՞ր այդպես։
ՄԱՐԹԱ.— Ո՛չ, մենք վճռել էինք քեզ անպայման իմաց տալ։
ԱՆՏՈՆ.— Մենք, ուրեմն աղջիկները գիտե՞ն, որ այժմ ինձ մոտ ես։
ՄԱՐԹԱ.— Իհարկե, նրանք գիտեն ու սիրում են քեզ։ Նինան ծիծաղում է քեզ վրա, որ միշտ պարծեցել ես, թե քո սրտում մի կին տեղ ունենալու չէ․․․ իսկ այդ խեղճ ծերուկն էլ իմ խնդրանոք էր գիշեր ցերեկ հսկում քեզ․․․ և այդպես էլ մեռավ, տեսնո՞ւմ ես, նա իմ հին ծանոթն էր․․․
ԱՆՏՈՆ.— (Ապշած) Ա՜հ, նոր եմ գլխի ընկնում․․․
ՄԱՐԹԱ.— Ուրիշ շատ բաներ կան պատմելու, հետո, ուշանում եմ (Երկյուղած) գնամ, Անտոն․․․
ԱՆՏՈՆ.— Գնա,՛ սիրելիս․․․ գնա․․․ (Համբուրում է):
ՄԱՐԹԱ.— (Քանդում է թևից կարմիր խաչը) Իսկ այս քեզ հիշատակ․․․ հիշիր ինձ քո աղոթքներում։
ԱՆՏՈՆ.— Ես չեմ աղոթում, բողոքում եմ. կհիշեմ քեզ իմ բողոքի ու վրեժի վայրկյաններին, որոնք կյանքիցս անբաժան են, գնա, Մարթա․․․ կարող ենք ձերբակալվել․․․ (Տխուր) Տեսա՞ր ինչ եղավ մեր դրությունը։
ՄԱՐԹԱ.— (Խիզախ) Ոչինչ, ես այսպես հպարտ եմ զգում ինձ, այժմ միայն հասկացա, թե ինչեր կարող ենք անել։ Պարտվեցինք, սակայն մեծ շահով, հավատա․․․ բաժանվենք․․․ (Համբուրում է ու վազում բարձրավանդակով):
ԱՆՏՈՆ.— (Վազելով դեպի նա) Մարթա, սպասե՞մ․․․
ՄԱՐԹԱ.— Մնաս բարյավ․․․ սպասիր․․․ քաջ կաց․․․ դեհ, ժպտա, հպարտ կանգնիր… այդպես… մնաք բարյավ (Անհայտանում է):
ԱՆՏՈՆ.— Գնաս բարյավ․․․ (Համբուրում է կարմիր խաչը):