Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/125

Այս էջը հաստատված է

ռ<ուբլի> անպատճառ և մի ուշացնիր, որ կարողանամ նախօրեք տոմսակ վերցնել։

Երևի ծախսածս քեզ շատ է թվում․ ինչ արած, վատ ապրել չեմ կարող, ամեն ինչ թանկ է ու սակավ։ Անցյալ օրը մի ավելի աժան տեղ գնացի կերակուր ուտելու, ճաշը 2 ռ․ 40 կ․, Արշամը չկերավ և դուրս եկավ սաստիկ բողոքելով իմ վարմունքի դեմ։ Ուր որ երաժշտություն կա, այնտեղ է դիմում ուտելու, և լսած եղանակների հետ ձեզ հիշում, աչքերիս արտասուքի խոշոր կաթիլներ թափելով։ Լավ տանջվեց իմ վաննաների պատճառով, ես չէի սպասում։


8. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
7 նոյեմբերի, 1910 թ.
Ն. Նախիջևան
Հարգելի պարոն Միքայելյան․

Ուղարկում եմ «Գարուն» ալմանախի համար մի կտոր գրվածք՝ ուշացած անակնկալ հիվանդությանս պատճառով։

Հարգնքով՝
Շ. Կուրղինյան


9. ԱՂԱՍԻ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ
22 փետրվարի, 1915 թ․
Խարկով
Սիրելի Աղասի.

Վաղուց է, որ ոչինչ գրած չեմ, թեև գիտեի, թե ինչ հոգեկան ապրումների ենթարկված էիր դու։ Շավարշը բավականին լուրջ հիվանդացավ։ Նախկին բժիշկը, որի մոտ նա բժշկվում էր, բանից դուրս է գալիս, որ ունքը շինելու փոխարեն աչքն է հանել՝ տխմարաբար բարդել ստամոքսի հիվանդությունը։ Այժմ գնում է Մելիք-Ադամյանի մոտ, տեսնենք ինչ կլինի։

Ի՞նչ ես շինում այդտեղ․ հեռացիր, փախիր, կխեղդվես։ Երևակայում եմ, որքան ջանք ուկորով է հարկավոր հաշտ, համերաշխ լինելու քեզ շրջապատող արարածների հետ։

Ամառը մտադիր ե՞ս մի տեղ գնալու, թե ոչ՝ գրիր ինձ։ Շավարշը սաստիկ ցանկություն ունի գալ այստեղ, հատկապես քեզ հետ թափառելու, կազդուրվելու, մայիսի վերջին ուզում է գալ, որ գնանք Անի, Էջմիածին, այլուր ու ապա Թիֆլիս, Անապա ու տուն։