Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/27

Այս էջը հաստատված է

Դեռ քնելուց առաջ մի լավ ժպիտ խաղում էր սրտիս մեջ, հետո ընկավ աչքերիս մեջ։ Ես շտապով ճաշեցի և իջա պարտեզ։ Մի հարմար տեղ չէի գտնում պառկելու։ Առաջվա տեղերին էլ չէի հավանում. կարծես ամբողջ ամառանոցը կերպարանափոխված լիներ։ Բարձն ու պլետը ձեռքիս թափառեցի երկար ու վերջապես հեռավոր ծառուղիներից մեկում, որ չէր մաքրվում խոտերից, պառկեցի ծառի տակ ու այդ ժպիտը դեմքիս քնեցի։

Ահա նա էլ զարթնեց սրտիս խորքում. այդ պատճառով էլ մի ղողանջուն երգ գալարվեց, թրթռաց կրծքիս տակ ու կտրվեց։

Բավական է․․․

Երեկոյանում է։ Ծառերն ու ծաղիկներն իրենց ստվերներն ուղղում են դեպի արևելք։ Մեղմացող տապի հետ զգացվում է երեկոյան շունչը։

Երևի ծաղիկներն էլ քնել էին ինձ հետ ու երազել հով, զեփյուռ, լուսնկա գիշեր, այժմ էլ նենգ ժպիտով նայում են արևմուտք թեքվող արևին և ով գիտե ինչ են մտածում նրա մասին։

Լինեին մարդիկ ծաղիկների պես, մտածում եմ ես. սիրեին լույսը, բույր ու գեղեցկություն տային կյանքին, ամենքն էլ անխտիր․ նստեին մի հողի վրա, մի ձեռք խնամեր նրանց, մի անձրևով թարմանային, ոչ ոքի նեղ չէր լինի երկրի երեսին և ամենքն էլ տեղ կունենային ծլելու, ծաղկելու․․․

Հեռվից լսվում է երեխաներիս աղմուկը․ խաղում են։ Ահա մայրս և խոհարարուհին երևացին «մեզոնինի» պատշգամբում, իջան առաջին հարկի կտուրի վրա, այսօրվա լվացած բուրդն են հավաքում, երևի չորացել է արդեն, և զրուցում իրար հետ։

Մորս ռուսերեն խոսքերի պաշարը շատ աղքատիկ է, ուստի խիստ արագ շարժվում են զանազան ձևերով նրա ձեռքերը, որոնցով և լրացվում է խոսքերի պակասը։

Երեկ հյուրեր կային մեզ մոտ, նրանցից մեկն ասաց, որ մեր բնակած «մեզոնինում» հենց իմ սենյակում մի ամառ երկու ամիս ապրել է Մ. Ն․․․․-ը։

Երեկվանից այդ փոքրիկ, ցածլիկ սենյակը մի խորհրդավոր տեսք է ստացել իմ աչքում, նա այնտեղ քնել է, շրջել, մտածել․․․․

Այդ վաթսունական թվականների հայ քաղաքացին, իր «Ազատն Աստվածով․․․»։

Մտքիս անիվը հպարտ պտույտ է գործում դեպի հետ՝ անցյալը։

Սոցիալիզմի նվաճումներն արտասահմանում. Գերցեն, Օգարև, Բակունին և ազատամիտ հայը համամարդկային ցավը բուժողների փշոտ ճամփու վրա․․․

Որքան լավ է, որ եղել են արժանի մարդիկ։ Երբ մտածում եմ, թևեր