Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/50

Այս էջը հաստատված է
20. ԱՍՈՒՅԹՆԵՐ

Ամեն օր ապրել եմ ամեն օրվա հետ ու անցել իմ ճամփով․ իսկ կյանքից ետ չմնալու պատճառով շտապել եմ հույժ, ու որքա՜ն ծաղիկներ կորցրել ճանապարհին, որքա՜ն նախշուն ծաղիկներ․․․

Սիրում եմ ես ինձ ու հիանում ինձանով ու օրհնում իմ անունը․․․ իսկ երբ կինը սիրում է ինքն իրեն՝ մենակ է հավիտյան։

Ասում են կյանքը կատակ է․ ո՛չ, կյանքը ծաղկոց է, ուր մենք փոխանակ վարդ քաղելու, միմոսություններ ենք անում, որ փշերին չդիպչենք։

Սուտ է, որ լսելիքը միայն ականջն է․ երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները։

Քրիստոնեությունը սկսել է ճեղքվածքներ երևան հանել իր հսկայական կառուցվածքի ամուր պատերում։ Այդ նրա համար է, որ նա կյանքի հետ մի ճամփա չէր կարող բռնել, կյանքին նման լինել։

Քննադատը նման է պարողի, որի համար ո՛չ նայող կա, ո՛չ էլ նվագածություն։ Վա՜յ կրիտիկոսին, որ երկար պարել ու շատ կոտրատվել է սիրում։

Ազգը ատել անհնարին է ու դատապարտելի՝ նրան կուրորեն սիրելը։

Սեփականությունը փակում է մեր հոգու աչքերը ու բթացնում զգայարանները։

Ով հարգում է ժամանակը, նա չի ապրում անպտուղ։

Ես տեսա՝ հավատը փախչում էր եկեղեցուց։ Աղջիկս կտեսնի նրան քաղաքից դուրս, թոռս՝ չի տեսնի նրան։

Ասում են կնոջ ուղեղի քաշը պակաս է տղամարդու ուղեղի քաշից։ Ես միշտ այդ իմ պակասը լրացնում եմ իմ սրտից։