ԱՆՏՈՆ.— Ես սիրում եմ նրան։
ԱՆՆԱ.— Շնորհակալ եմ։ Աստված էլ ձեր սիրտը ուրախացնի, վատ օր չտեսնեք կյանքի մեջ․․․
ԱՆՏՈՆ.— (Մտատանջ) Թո՛ղ, Աննա, լսիր ինչ եմ ասում։ Եկ հանգիստ թողնենք Մարթային․․․ չճնշենք (Հուզվում է) խնամենք սիրով, մխիթարենք, թող ապրի իր ուզածի ու գիտցածի պես․․․ կյանքը պատահարների խաղալիք է, ո՞վ գիտե․․․ (Լռում է իսկույն):
ԱՆՆԱ.— Թող ապրի, իմ միակ ցանկությունն է նրան հանգիստ ու բախտավոր տեսնել։ Իսկ նա այդ չի հասկանում, ծաղրում է։ Ես ավելի շատ նրանից եմ վախենում, քան նա ինձանից․․․ չէ՞ որ մայր եմ ու կան բաներ, որ ինձ դժվար է տանելը․․․
ԱՆՏՈՆ.— Սխալվում ես. նա քեզ էլ, ինձ էլ լավ է հասկանում։ Միայն թե հպարտ է ու համառ։ Կտուժե, միայն թե չխոստովանի։ (Ինքն-իրեն) Սաստիկ համառ, ինքն իրա մեջ լճացած․․․ (Խոսակցության ձևը փոխելով): Այսօր տուն գալու չէ՞։
ԱՆՆԱ.— Չգիտեմ։ Նա ինձ առհասարակ ոչինչ չի ասում: Եթե սխալմամբ մի բան հարցնեմ, սպառնում է, որ կթողնի և կանհետանա։ Գոնե մեկի հետ կապվեր ու ապրեր, (Անտոնը ցնցվում է) թե չէ ի՞նչ շահ նրա գեղեցկությունից։ Ես քանիսին գիտեմ, որ այդ միջոցով ապահովել են և՛ իրենց, և՛ ծնողներին․․․
ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզված) Թող, Աննա․․․ խնդրում եմ․․․ (Աննան լուռ ու զարմացած դիտում է նրան, մոտենում է նրանց մի ծեր բանվոր:
ԾԵՐ ԲԱՆՎՈՐ.— (Անտոնին) Բարև, առյուծ. (Ծիծաղելով խփում է ուսին): Կիրակի օրով ի՞նչ ես նստել պառավի կշտին. ջահել տղա ես, գնա քեֆ արա, աղջիկներին քարշ տուր հետևիցդ։ Ա՛խ․․․ լավ տղա ես, բայց ախորժակ չունես ապրելու։
ԱՆՏՈՆ.— (Թողնելով իր տխուր մտքերը) Ախորժակ ունեմ և լավ ախորժակ, բայց սրտիս ուզած պատառը չեմ գտնում․․․
ԾԵՐՈՒԿ.— (Միայն Անտոնին) Լավ պատառը քթիդ տակն է, ինչո՞ւ ես թողնում, որ ուրիշները լափեն։
ԱՆՏՈՆ.— (Զայրացած) Ես քեզ խնդրել էի զգույշ կենալ․․․
ԾԵՐՈՒԿ.— Դեհ մի բարկանալ, քեզ սիրելուցս եմ ասում, սովորություն ունեմ կատակ անել ջահելների հետ, զայրացնել նրանց․․․
ԱՆՏՈՆ.— Իսկ ես, դժբախտաբար, սովորություն չունեմ պատժելու կանանց և ծերերին․․․ (Շրջվում է զայրացած):
ԾԵՐՈՒԿ.— Լավ ես անում, որդի, խիստ լավ. վասնզի աստված ինքն իր ձեռքով պատժել է նրանց. առաջիններին որ կին է ստեղծել, երկրորդներին որ խլում է տվածները և դեպի փոսը հրում: Էհ, տուր մի