— Հա՜ ,— ասաց նա, անվնաս նստելով գետնի վրա,— հիմա ես հասկացա թե ինչու թռչունները այդպես ոգևորված երգում են նստելով ծառի ճյուղերին։ Հասկացա. բանից դուրս է գալիս, որ երբ նրանք բարձրից վայր են նայում, գլուխները պտույտ է գալիս, խելքները կորցնռւմ են ու արբածի նման զոռ տալիս կոկորդներին, հասկացա,— ծիծաղեց գորտը և տլը՜փ րնկավ տաք ճահիճը։
1903 թ.
Քոթոն իր աչքով տեսավ, թե ինչպես ծանոթներին բաժանեցին իր թխլիկ ձագուկները. ի՞նչ արած. մարդկանց օրենքն այդպես է և ամեն մի օրենք դրված է մարդու շահերը պաշտպանելու համար… Քոթոն տեսել է ամեն ինչ և սիրում է հիշել բոլոր կենդանի փաստերը։ Օրինակի համար, անցյալ ամառ ծախեցին հորթը՝ կովին թողնելով անմխիթար վիճակի մեջ։ Աշնանը ճտերը սրի քաշեցին ու կերան։ Խաչի տոնին չարաճճի ուլին կախեցին վառած թոնրի մեջ ու ողջ տեղը ականջը թողին։ Ո՞ր մեկը հիշել։ Նույնիսկ գետի ձուկը չի ազատվում նրանց ձեռքից. սուր դանակով քերում են խեղճի ցոլուն փշերը, քոթոն աչքով Է տեսել, փորի միջի եղածը կատվին են տալիս ու տապակում՝ մի այնպիսի գարշելի հոտ ձգելով տան մեջ, որ Քոթոյի աղիքները շարվում են կոկորդին։
Ի՞նչ կարող ես անել, աշխարհի տերը որ կա, մարդն է, պրծավ գնաց…
Շատ է մտածել Քոթոն, խելքին շատ զոռ տվել, նույնիսկ թաքուն հաչել, օգուտ չի եղել. ո՛ր մեկի վրա հաչել։
Այսպես մեկը մյուսից այլանդակ արարքները շարվում էին Քոթոյի գլխում և նա սրտի դառը կսկիծով էր նայում իր կրծքի տակ կուչ եկած ու անուշ քնած քոթոթին, ի՞նչ է սպասում նրան կյանքում…
Մինչ շունը տարված էր իր ժառանգի ապագան գուշակելու հոգսով, ուրախ ու աղմկալի զրույցով տանից դուրս եկան տանտիկինն իր փոքրիկ, լավ կերակրած ու խնամած թոռը գրկին, հարսը և աղջիկները։ Աղայի այդ անդրանիկ թոռը Քոթոյի ձագերին շատ էր սիրում․ դա մեծ նշանակություն ուներ խելոք շան աչքում և տեղն եկած ղեպքում սիրում էր պարծենալ իր հարևան ցեղակիցների մոտ։
— Բերեք քոթիկին, բերեք, թոռս խաղա,— ասաց բախտավոր տատը, նստելով շվաքում դրած հնամաշ բազմոցի վրա։ Աղջիկներից ամենափոքրը իսկույն վազեց դեպի Քոթոյի բունը և նրա ցասկոտ հայացքից ազդված մի պահ կանգ առավ։
— Մայրիկ, քոթիկը քնած է։