Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/60

Այս էջը հաստատված է

արթնացող կյանքը, հպարտ ու կայտառ աշնան լքումից հետք չի մնա։ Արթուն կաց, Մարթա՛, ողջունելու այդ գարնան, ջահել ու սիրուն, թարմ հույզ ու տենչանքներով թևավորված վայելելու այդ գարնան համբույրն ու ժպիտը, հրճվելու արևի տտկ․․․ (նայում է անհամբեր) Ի՞նչ կասես․․․

ՄԱՐԹԱ․— (Անտարբեր) Երբ այդպես, քո ասածի պես լինի, դու ինձ կկանչես՝ կգամ․․․

ԱՆՏՈՆ․— (Վշտացած) Կգաս․․․ Իհարկե․ այն ժամանակ քեզ նման եկողների թիվը շատ կլինի, իսկ մինչ այդ, քանի՞ մայր իր զավակի կորուստը պիտի ողբա, քանի՞ որբ հայր պիտի որոնե, քանի դիակներ պիտի դիզվեն իրար վրա անթաղ ու անխաչ, ագռավներին կեր ու կերակուր, քանի՞ խելոք գլուխներ պիտ ջախջախվեն, քանի ժիր բազուկներ պիտ մաշվեն կայանների մեջ, որքա՜ն անմեղ արյուն պիտ հոսե․․․ դու այս գիտնալ չես կամենում․․․ սպասում ես բարվոք կյանքին մի հեռու անկյունից․․․ վերջ տանք․․․ Ես չեմ կարող լսել քեզ․․․

ՄԱՐԹԱ․— (Բարկացած) Այդ քո ազատ կամքն է։

ԱՆՏՈՆ․— (Հանդարտվելով, մեղմ) Ների՛ր։

ՄԱՐԹԱ․— (Դեպի մորը, որ ամբողջ խոսակցության լւնթացքում մոլորված հայացքով հետևում Էր նրանց)։ Մայր, այդպես հուսահատ մի նայիր ինձ, քիչ էլ համբերիր՝ մի հարուստ փեսացու կգտնեմ, կպսակվեմ, անպատճառ։ Լսո՞ւմ ես մայր․ քաղաքի հենց կենտրոնում մի երկհարկանի սեփական տուն կունենամ, կառք, ծառաներ, աղախիններ, դու էլ չես աշխատի, հագած-կապած, կերած-խմած տանտիրուհու նման կխաղաս թոռներիդ հետ։ Մակարը կգնա արտասահման բժշկվելու, այնպես կապրենք երջանիկ։ (Անտոնին, կամաց) Մի դրա դեմքին նայիր, ինչպե՜ս է հրճվում։ (Մորը) Հը՜ , մայր, ի՞նչ կասես դրան, չե՞ս հավատում, մի՞թե պառավել եմ կամ տգեղացել․․․

ԱՆՆԱ․— Ա՜խ, աղջիկս․․․

ՄԱՐԹԱ․— (Չի թողնում մորը խոսքը վերջացնելու, բարկացած) «Ամբողջ թաղամասում ո՞վ կա քեզանից սիրուն ու իւելացի»։ (Հենվում է պատուհանին, ինքն իրեն) իմ միակ զենքերը, որոնցից առաջինը խլվում է, երկրորդը՝ արհամարհվում․․․

ԱՆՏՈՆ․— Ինձ ինչո՞ւ մոռացար։

ՄԱՐԹԱ․— (Չի նայում նրան) Իսկ․․․ քեզ կպսակեմ քո գարնան գալուն սպասող, մազերը կտրած, ծխախոտը բերանին մի քաջասիրտ «ընկերի» հետ, առավոտից մինչև ուշ գիշեր, ձեոք-ձեռքի տված, կյանքը հեղաշրջեք սիրուն խոսքերով ու նորն ստեղծեք․․․

ԱՆՏՈՆ․— (Շրջում է մտազբաղ

ԱՆՆԱ․— Նրան մի բարկացնի։ Ինչո՞ւ այդպես կոպիտ ես վարվում հետը․ քո տեղը մի ուրիշը լիներ․․․

ՄԱՐԹԱ․— (Բարկացած) Ոչ մի խոսք, քանի անգամ ասել եմ․․․