գտնում, տեսնում եմ նրանց ինձնից էլ արատավոր, անպետք, ինձնից էլ վատ, մեղավոր, թքում եմ ու հեռանում․․․ Ես ինքս ինձ եմ ուտում, որ վատ եմ, կարո՞ղ եմ վեպի մեջ վատը հարատև սեր կամ հարգանք զգալ։
ԱՆՏՈՆ․— (Քննող հայացքը Մարթային հառած) Մարթա, ուրեմն դու որոնում ես քե՛զ համար․․․
ՄԱՐԹԱ․— (Կտրում է նրա խոսքը) Թող, բավակա՛ն է։ Լավ կանես, եթե իմ մասին չմտածես, չնկատես ինձ․․․ հաշվիր թե չկամ․․․
ԱՆՏՈՆ․— Դու ինձ արգելում ես․․․
ՄԱՐԹԱ․— (Շտապ) Խնդրում եմ․․․
ԱՆՏՈՆ․— Իսկ եթե չկարողանա՞մ․․․ չես ուզում պատասխանել։ (Գգվանքով բռնում է ձեռքը) Դե՛հ, թող, մի տխրիր։ (Հուսաբեկ) Երբ տանը չես լինում, կարոտն ու խանդը կրծում է հոգիս, րոպեներն եմ հաշվում, ծրագրեր եմ կազմում՝ տեսնելիս ուրախացնել, մխիթարել, բավականություն տալ քեգ։ Իսկ երբ մոտդ եմ լինում, հակառակն է դուրս գալիս, սկսում ենք վիճել, հակառակվել միմյանց և բաժանվել դժգոհ, վշտացած։ (Աղերսանքով) Սովորեցրու ինձ, Մարթա, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս խուսափել այս ակամա վրդովմունքներից։ Ասա (Նկատելով Մարթային մտատանջ) Դեհ, թող, ի՞նչ ես մտածում, ինչո՞ւ տխրեցիր․․․
ՄԱՐԹԱ․— (Սաստիկ տխուր) Ես արդեն ասացի, որ ինձ չնկատես, այն ժամանակ ոչ մի վեճ, ոչ մի թյուրիմացություն չի պատահի․․․ (Հեռանում է լուսամուտից)։
ԱՆՏՈՆ․— (Մենակ ու դառնացած) Չնկատե՜մ քեզ․․․ ո՛չ, ո՛չ, չեմ կարող, ուշ է։ Այժմ չափից դուրս մեծ է հմայիչ ուժդ ինձ վրա։ Գերել ու տիրել ես հոգուս, մտքիս, էությանս․․․ ո՛չ, ո՛չ․․․ Կյանքը ինձ ընկճված չէ տեսել, երբեք, արգելքը չէ դիտել իմ թիկունքը։ (Ժպտով) Իսկ քեզանից խուսափել, փախչել չեմ կարող, երբեք։ (Ուժգին) Սիրում եմ քեզ․․․
ՀԱՐԲԱԾ ԲԱՆՎՈՐ․— (Ճոճվելով երևում է անկյունից, սպառնալով) Անիծված, ասում եմ քեզ՝ բավ է, խղճա, մի մարիր օջախիս ճրագը։ Վեց հատ աղջիկ կա, բավական է։ Ծնիր մի տղա, (Ձեքերով ցույց է տալիս ու լալիս) մի փոքրիկ, չարաճճի մանչուկ, որ փողոցից տղաները գան, կանչեն նրան՝ «Օհան Կուլիկով, եկ խաղանք» (Ծիծաղում է ու հազում) Օհան Կուզմիչ Կուլիկով։ (Բռունցքներով հարվածում է պատուհանին, փակ դռանը։ Անտոնը վազում է ու գրկած հեռացնում է նրան դռնից)։ Անտոն Ֆոմիչ, ընկեր․․․ մի բարկանա։ Ես օղուց չեմ արբել․ ցավից, կսկծից եմ արբել։ Ես մի․․․ մի ազնիվ բանվոր, ինչու անժառանգ կորչեմ։ Ասացեք, ինչո՞ւ (Հարձակվում է դեպի դուռը․ Անտոնը պահում է նրան) Կխեղդեմ․․․ (Բռունցք է ցույց տալիս) Ի՞նչ ես ջգրացնում․․․ ինչո՞ւ դիտմամբ աղջիկ ես ծնում․․․ կխեղդեմ։ Ի՞նչ է ուզածս՝ մի որդի․․․ փոքրիկ չար տղա, որ քույրերին ծեծի, հրամայի քեզ․․․ աղմկի տանը․․․ փողոցը․․․