զգույշ կաց նրանից։ Ինձ թվում է, թե նա հասարակ բանվոր չէ։ Ամուսինս պատահել է նրան հարուստ աղջիկների հետ․․․ Կիրակի երեկո թատրոնում է եղել․ հագված, սանրված, կարծես գործարանատեր լինի։ Տեսնո՞ւմ ես, իսկ մյուս բանվորները․ ինքդ դատիր։
ՄԱՐԹԱ․— (Ինքն իրեն) «Հարուստ աղջիկների հետ»․․․ (Մտորում է, Պաշային) Մյուս բանվորները տգետ են, հարբում են, իսկ Անտոնը միայն ծխում է, այն էլ տրտունջով։ Կարդացած մարդ է, առանց գրքի, թերթի օր չի անցնում․․․
ՊԱՇԱ․— Իսկ իմ կարծիքով հենց այդ կարդացողներն են ոճրագործներն ու հայրենիքի դավաճանները։ Հարբեցողից ինչ վախ․ հարբեց՝ էլ գաղտնիք չկա, գիտցածն ու մտածածը փողոց է հանում։
ՄԱՐԹԱ․— Սխալվում ես, ամեն մի չարիքի պատճառը օղին է։ Այդ ինձ ու քեզ լավ հայտնի պիտի լինի․ տեսնո՞ւմ ես, մենք ուր հասանք հարբեցող ծնողների պատճառով։ Իսկ Անտոնը, եթե ամուսնանա, նրա ո՛չ կինը փողոց կընկնի, ո՛չ էլ աղջիկը։
ՊԱՇԱ․— (Հուզված) Սակայն թույլ կտա, որ իր հայրենիքին վտանգ սպառնացողների շարքերը խտանան։ Ես գիտեմ դրանց․․․ Նա միայն քեզ կարող է համոզել։ Անցյալ օրվա թռուցիկը կարդացի՞ր։
ՄԱՐԹԱ․— (Քմծիծաղ) Այդ էլ նա՞ էր գրել։
ՊԱՇԱ․— (Զայրացած) Նա չէր, նրա ընկերն էր, միևնույն չէ՞։ Շշմեցրել են խեղճ բանվորներին իրենց խոստումներով։ Անիծվեն դրանք։ Դու դատիր, սա անիրավություն չէ՞ միթե տերն իր ծառայի հետ դուքով խոսի։ Սա էլ պահանջ է։ Ուրեմն հարուստ մի տերն իր խլնքոտ ու գռեհիկ ծառային տալով իր կոշիկները խոնարհաբար խնդրելու է․— «Օհան, խնդրեմ բարի լինեք և մաքրեք իմ կոշիկները․․․»։
ՄԱՐԹԱ․— (Ծիծաղում է)։
ՊԱՇԱ․— (Դժգոհ) Ծիծաղում ես․ կարծես մի շատ ուրախալի դեպք է պատմածս և կարծես քո երակներում չի հոսում ռուսի արյուն։
ՄԱՐԹԱ․— Այդ ամենը թող, ասա ինչպե՞ս որ երևացիր։
ՊԱՇԱ․— Իսկ դու հաճա՞խ ես գալիս։ Անցյալ օրը աղջիկները գանգատվում էին, որ դու սկսել ես խուսափել նրանցից։
ՄԱՐԹԱ․— (Դժգոհ ու տրտում) Մի քանի շաբաթ կլինի, որ տանից դուրս չեմ եկել․․․
ՊԱՇԱ․— (Հետաքրքիր) Ինչո՞ւ։
ՄԱՐԹԱ․— (Մտազբաղ) Չեմ իմանում։
ՊԱՇԱ․— (Նեղանալով) Առաջ մեր մեջ գաղտնիքներ չկային, Մարթա։
ՄԱՐԹԱ․— Հիմա էլ չկան, հավատա․․․ միայն ես դժգոհ եմ ինձանից։ Մայրս նույնպես․․․ զգալ է տալիս, որ վաստակս նվազում է։