կարիքս՝ աճում․․․ Օֆ, երնեկ այն խելառ օրերին, Պաշա, հիշո՞ւմ ես․․․ ոչ խելք ունեինք․․․
ՊԱՇԱ․— (Ժպտում է) Գտար ինչին երանի տալու։ Իսկ որ վաստակդ նվազում է ու տարիքդ անցնում, ինքդ ես մեղավորը։ Ոչ մի հանգամանքից չկարողացար օգտվել։ Քեզ ասում էի պսակվիր այն ծերուկի հետ։ Այժմ նա մեռած կլիներ, իսկ դու սիրուն ու հարուստ այրի․․․
ՄԱՐԹԱ․— Ես չեմ կարող կողակից ունենալ։
ՊԱՇԱ․— Սակայն մեկն ունենալու դեմ լինելով հանդերձ, չես խորշում տասնյակներից։
ՄԱՐԹԱ․— (Հազիվ լսելի) Դա իմ արհեստն է, Պաշա։ Դրա համար ես օրինական փաստաթուղթ ունեմ․․․ տանտիկին լինելը մեզ նմաններին չի սազում։
ՊԱՇԱ․— (Գոհ) Թվում է, թե ինձ սազում է։ Գրեթե մի տարի է, որ մենք ապրում ենք հաշտ ու սիրով։
ՄԱՐԹԱ․— (Հեգնորեն) Սիրո՜վ։ Թող, խնդրեմ։ Ի՜նչ սեր, որտեղի՞ց ճարեցիր։
ՊԱՇԱ․— (Անվստահ) Մի քիչ կար․․․ մնացել էր․․․
ՄԱՐԹԱ․— (Լուրջ) Ինքնախաբեություն է (Շրջվում է հուզված)։
ՊԱՇԱ․— (Հետևելով նրան) Սխալվում ես․․․ մի ջինջ ու հստակ, ավելի շուտ մի մոլի զգացմունք է։ Այդպես են սիրում ծեր կաղ ու տկար շները իրենց տերերին։ Սողում են նրա հետևից, լիզում ձեռքերի տեղ աչքերը՝ գիշեր ու ցերեկ դուրս շպրտվելու ահի մեջ, մի առողջ ու ջահելին տեղի տալու սարսափը դեմքերին․․․ (Նստում է գլխիկոր)։
ՄԱՐԹԱ․— (Կարեկցորեն) Տեսնո՞ւմ ես․․․ Իսկ ես այդ չեմ կարող անել։ Գինին ու ծախված գիշերը գերադասում եմ․․․ լլկանք, կեղծիք, կեղտ՝ մի գիշերով, կարճ ժամանակով, փախչելու, ազատվելու ու մոռացվելու ապրեցնող հուսով, իսկ դո՞ւ․․․
ՊԱՇԱ․— (Տրտում) Ինչ արած (Քիչ լռելուց հետո) Գիտե՞ս ինչու եմ եկել։
ՄԱՐԹԱ․— (Անաարբեր) Ասա, որ գիտենամ։
ՊԱՇԱ․— (Ամոթխած) Ինձ թվում է, թե․․․ հղի եմ․․․ մայր եմ լինելու․․․ (Մարթան ցնցվում է և դուրս նայում պատուհանից։ Պաշան շարունակում է սաստիկ հուզված) Մեկը չունեի, եկա քեզ մոտ։ Սիրտս լցված է սաստիկ, ուզում էի քեզ հետ խոսել։ (Նստում է Մարթայի դիմացը) Մեքենա գնեցի, կար եմ անում․․․ Ուզում եմ տնտեսել նրա համար․․․ ուսումի կտամ, (Հուզմունքից դողում է) Կպաշտպանեմ․․․ Չեմ թողնի, որ մեկը խեթ նայի նրան։ Ինչ որ ես չկերա, նա պիտի ուտե, ինչ որ ես չտեսա, նա պիտի տեսնի․․․ Ինձ մայրս ծախեց կես շիշ օղի ավել խմելու համար, ես կյանքս կզոհեմ իմ զավակի երջանկության համար (Լալիս է)։