ՄԱՐԹԱ․— (Սաստիկ գունատ) Հարբած չե՞ս։
ՊԱՇԱ․— (Աչքերը սրբելով) Ես այժմ չեմ խմում։
ՄԱՐԹԱ․— Գիշեր ցերեկ տանն ես, հավատարիմ․․․
ՊԱՇԱ․— (Խոսքը կտրելով) Հավատարիմ շան պես։
ՄԱՐԹԱ․— Իսկ նա (Հեգնանքով) ամուսինդ։
ՊԱՇԱ․— (Խույս տալով նրա հայացքից) Ես խոսում եմ միայն իմ մասին․․․
ՄԱՐԹԱ․— (Կատաղած) Այդպես եք դուք, ամենքդ։ Ատում եմ ձեզ․․․ Իմ մայրն էլ հարբած հորս ծեծից կապտած, ջարդված դուրս էր գալիս փողոց, ժպտում, հաճախ պարծենում, որ ծեծված չէ․․․ (Քիչ մտածելով) Իսկապես կարծում ես, որ երեխա՞ կունենաս։ Իսկ եթե․․․
ՊԱՇԱ․— Լռիր, թող ապրեմ հույսով։
ՄԱՐԹԱ․— Ապրիր, որ հիասթափումը է՛լ ավելի դառը լինի․․․
ՊԱՇԱ․— (Ծիծաղում է) Դուրս չես գալիս, խոսում, դատում ես լուրջ միանձնուհու նման (Ցուցամատը շարժելով)։ Կարծում ես չե՞մ հասկանում․․․ Մի զարմանար, տա աստված դու էլ բախտավոր լինես (Համբուրում է)։ Շնորհակալ եմ, խոսեցինք թեթևացա, աստված էլ քեզ մխիթարե (Գնում է)։
ՄԱՐԹԱ․— (Մեծ դժվարությամբ) Կա՛ց։ (Պաշան ետ է գալիս զարմացած։ Մարթան ինքն իրեն) Ի՞նչ էի ուզում ասել․․․ Հա (Պաշային) Ասա ի՞նչ կերպ (Շփոթվում է)։
ՊԱՇԱ․— (Ժպտալով) Ինչ կերպ իմ կյանքն այս ընթացքը ստացավ։
ՄԱՐԹԱ․— (Ուրախ) Այո՛, այո՛ ․․․ միայն ճիշտն ասա․․․ (Քաշվելով) Ես էլ ուզում եմ․․․ (Փոխում է խոսքը) Ես հոգնել եմ, Պաշա․․․
ՊԱՇԱ․— (Ժպտում է) Ես մի քիչ փող էի տնտեսել սև օրվա համար։ Դա ինձ օգնեց (Ժպտում է) օրինավոր կին դառնալու․․․ Մանրամասնությունը հետաքրքիր չէ․․․
ՄԱՐԹԱ․— (Հիասթափ) Մի՞թե գոհ ես դու․․․
ՊԱՇԱ․— (Խուսափում է նրա քննող հայացքից) Այժմ մի անկյուն ունեմ սթափվելու։ Ամբողջ օրը զբաղված եմ աշխատանքով․ դա էլ մի տեսակ մխիթարանք է, մոռացում․․․ Իսկ իմ կյանքը մանկութ սահել է մայթերի վրա, էժան հյուրանոցներում․․․ հոգնել էի, Մարթա՛․․․
ՄԱՐԹԱ․— (Կարեկցորեն շոյում է) Դեհ գնա, կուշանաս, լավ արիր, որ եկար (Պաշան գնում է, լսվում երեկոյան շչակի ձայնը մոտ գործարանից)։
ՄԱՐԹԱ․— (Մենակ) Ամենքն էլ դժգոհ են․․․ այժմ ո՞վ դժդոհ չէ․․․ սակայն շատ քչերի համար երջանկություն է սթափվել մի հարկի տակ։ Թշվառ աղջիկ, ես գիտեմ, թե ինչ գնով տնտեսում էիր կոպեկները ու մի բան ծամած լինելու համար․․․ Է՛հ, ինչո՞ւ հիշել, պետք է մոռանա՜լ,