Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/70

Այս էջը հաստատված է

Տեսնո՞ւմ ես, Մարթա, դեռ մենք ամենքս էլ գերի ենք մեր օրվա ապրուստին։ Սակայն այդ դեռ չի նշանակում, որ այդ հսկայական չարիքը լափելու է մեզ, որ մենք կուրորեն տանուլ ենք տալու մեր մարդկային իրավունքները․․․ Բանվորությունը այսօր կռիվ է մղում հարստահարման այդ ձևի դեմ, իր արյան գնով ձգտում է կրճատել աշխատանքի ժամերը։ (Զայրույթով) Իսկ մերոնք ձգտում են մի հոգով երկուսի չափ աշխատել, մի օրում երկու օրվա գործ անել, իրենց ուժն ու եռանդը անխնայորեն վատնել․․․

ՄԱՐԹԱ.— (Հեգնում է) Ձգտո՜ւմ են․․․ ինչե՞ր ես ասում. ձգտում են շատ ու էժան աշխատելու։ Ի՜նչ զրպարտություն։ Ինչպե՞ս կարելի է ձգտել։ Է՛հ, Անտոն․․․ մի դատիր հեշտորեն, նրանք չեն ձգտում, նրանք կուլ են գնում ուժից վեր աշխատանքի, որովհետև կին են, մայր, քույր: Չքավորոլթյունը գամել է նրանց ուղեղը քաղցի ահով։ Ի՞նչ անեն, այլ կերպ չի կարելի ապրել․․․ իսկ ձեր անհամ ու խորթ պրոպագանդան էլ չի օգնում, իզուր այնպես պարծենում էր քո ընկերուհին․․․

ԱՆՏՈՆ.— Պրոպագանդան անզոր էր, որովհետև մեր բանվորուհիները տգետ են, անգրագետ, ռուս կինը սիրում է զգալ իրեն միշտ անմեղ նահատակի դերում, օժտված է վտանգավոր ցավ դարձած գթով, ստրկական ներողամտությամբ։ Նա ավելի շատ կզիջե, քան թե կպահանջե, ավելի շուտ կլռե, քան թե կբողոքե․․․

ՄԱՐԹԱ.— (Սաստիկ վշտացած) Այո, այո ռուս կինը ապրում է նահատակի դերում։ Այդպես է կինը, նրան անըմբռնելի քո անմիս ու անարյուն վարդապետությունը։ (Ծիծաղում է) Հա՜, հա՜, հա՜, հա՜։ Ի՜նչ սիրուն ու մխիթարական խոսքեր. «անգլիական շաբաթ, ութ ժամյա աշխատանք»։ Այդ ամենը մեզ համար չէ ասված։ Քո գրքերին նայելով՝ մեր կյանքը մի պարսավիր։ Նրանք իրար նման չեն, հավատա։ Դու գիտե՞ս, արդյոք, այդ տգետ բանվորուհիներին, որոնք այսօր, շաբաթ օրով ուշ են տուն գալու։ Գիտե՞ս, որ նրանցից շատերը ծնված են արգանդի ախտով, շատերը կիծքի տակ թաքցնում են կենդանի արարածներ, աշխատանքից չզրկվելու ահով շատերին սպասում է մի ամբողջ շաբաթ չհավաքած, չժողոված տուն, կեղտ ու ապականության մեջ կորած երեխաներ, բացակայության ժամանակ պատահած անուղղելի սխալ, աններելի մեղք․․․ արբած ամուսնու կամ սիրեկանի անպատկառ հանցանք, հաճախ ծեծ։ (Մնում է լուռ) Քո բրոշյուրները քիչ գիտեն, հոգիս, այն ծով տառապանքից, որ ես տեսել եմ մանկութ․․․ որքա՜ն անտանելի է կյանքը, որքա՜ն անպատիժ ոճիր ու տառապանք է ծնում ու սնում նա․․․ Ուրիշ բան է մխիթարել մեկին, սովորեցնել, թեթևացնել մեկի բեռը, նեցուկ լինել ճգնաժամին։ Բայց դատել պետք չէ, Անտոն, մեղադրելը, պախարակելը. ոչ ոք չի ուզում իր վատ լինելը, չի ձգտում դրան, բայց հակառակ իր ցանկության, նրան մատով են ցույց տալիս։ Ինչո՞ւ, Չէ՞ որ կյանքն է