վատը, ինչո՞ւ է լափում, տրորում, մարդուն որդի նման սողալ տալիս, հողին հավասարեցնում․․․
ԱՆՏՈՆ.— (Որ հիացած լսում էր նրան) Խոսիր, Մարթա, դատիր, թող քո սիրուն աչքերում փայլի բարկության հուրը։ Կեցիր միշտ այդպես, քո դեմքից հեռու վանիր լքման ամպերը, գլուխդ բարձր պահած գնա առաջ հաստատուն քայլերով (Շոյում է մազերը) առանց ետ նայելու․․․ Սիրում եմ տեսնել քեզ այսպես։ Դու շատ ես տեսել, շատ ես ապրել քո այդ զգայուն քնքուշ սրտով։ Հավատում եմ, ասա, պատմիր, սովորեցրու ինձ, եղիր իմ մխիթարանքի մատյանը․․․ երբ մոտդ եմ լինում, մի հմայիչ ջերմություն եռում է կրծքիս տակ, հրաբուխի նման, սրտիս վրա լույս է իջնում, հոգուս՝ անդորր․․․ Թվում է, թե բացվում է մի հսկայական գիրկ, վերցնում, գրկում է ինձ ու վայելքներ խոստացող մեղեդիով օրորում․․․ (Նկատելով Մարթայի ժպիտը) Ժպտում ես։ Տես։ Ինչ լավ է, որ չես վշտանում ու տրտնջում։ Կաց այդպես, հոգիս թող առյուծ դառնա, մտքերս՝ արծիվ, կաց այդպես՝ ես ծառացած եմ արհավիրքի ու մահվան դեմ, ես մահն անարգել ու կյանքը սիրել գիտեմ․․․
ՄԱՐԹԱ.— (Հանդարտ ժպտում է) Ոգևորվեցիր․․․ Դու միշտ այդպես ես եղել։
ԱՆՏՈՆ.— (Նույնպես) Միշտ, իսկ այժմ անչափ, անսահման, ուզում եմ պատահողին գրկեմ, սեղմեմ գրկիս, վարակեմ իմ բերկրալի ոգևորությամբ, ուզում եմ, որ ամենքն էլ ինձ նման հուսան ու խնդան։ Ուզում եմ, որ առաջին վարակվողը դու լինես․ դեպի լավը ունեցած հավատի անհատնում պաշարը դու կիսես ինձ հետ․․․ Դե՛հ, պատասխանիր, ասա մի բան․․․
ՄԱՐԹԱ․— (Մեղմ) Խոսիր, կլսեմ սիրով․․․
ԱՆՏՈՆ.— Հա (Ժպտում է)․․․ Ինչպե՞ս չոգևորվել, երբ բարի ու գեղեցիկ կանգնել են իմ դեմ հպարտ ու անպարտ․ ե՛կ կանչում են արթուն․— Կաց, Անտոն, չընկճվես, բնավ․ ե՛կ դեպի մեր գիրկը հպարտ ու անպարտ․ ե՛կ․․․ թափ տուր թևերդ արծիվների պես, որ կատեն շղթան ու չունեն երկյուղ մրրիկների պես, որ արգելքների գոյության մասին չեն լսել երբեք, սլացիր բարձունքներից էլ հանդուգն, երազներից էլ արագ։ Ե՛կ, մենք քեզ լուր տվինք վարդավառ գարնան հետ, ծաղիկների մրմունջով, քամու թևերի վրա, թռչնիկների վզերից կախած, քո ուղին զուգեցինք աստղերի ցանցի տակ ցողապատ դաշտերի կրծքերին արևի ջերմ համբույրի տակ, կոթող լեռների լանջերին․ քեզ ենք կանչում կյանքի ու էության հիմնի արծաթահնչուն ղողանջներով՝ արթուն կաց և եկ, ու ես հույսը ճակատիս, սերը սրտիս դիմում եմ դեպի բարին ու գեղեցիկը, ես հավատում եմ նրա անխորտակելի, անհերքելի գոյության հաղթանակը՝ կարո՞ղ եմ չոգևորվել։
Ու գնում եմ ես այդ ղողանջների արձագանքով հոգիս աղմկած, օրըստօրե