Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/80

Այս էջը հաստատված է

ՕՐԻՈՐԴ.— (Մոտենալով լուսամուտին) Սխալվում ես, դա իմ շնիկը բերող տղան է, երևում է որ աղքատ, բայց ազնիվ տղա է։ (Մակարին) Այս րոպեիս (Ուզում է հեռանալ):

ԼԱԿԵՅ.— Ես նրան բռնեցի գողության մեջ, օրիորդ։

ՕՐԻՈՐԴ.— (Բարկացած) Զրպարտել անմեղին գովելի չէ, իսկ ծեծելը մի թույլ տղայի, ավելի քան անգթություն (Հեռանում է զայրացած):

ԼԱԿԵՅ.— (Վշտացած ու բարձր, որ ամենքը իմանան) Ես չզրպարտեցի, այլ ձեր ոսկի գդալները հանեցի գրպանից (Մինչ այն դադարում է նվագը, հյուրերը դուրս են գալիս):

ՄԱԿԱՐ.— (Որ դեռ չէ սթափվել, զմայլանքի ժպիտը երեսին դիմում է հյուրերին) Ի՜նչ երգ․․․ Ինչպիսի՜ ելևէջներ․․․ Ես հենց այդ տեսակ երգն եմ սիրում, որ կասես կպչում է ինձ, հոգուս, մարմնիս, գրկում է ինձ, օրորում, համբուրում ու լալիս․․․ (Աղերսանքով) Ո՞վ էր նվագում նոր ջութակի վրա։ (Լսողների դեմքին ահ ու կասկած) Թողեք գեթ մոտից նայեմ, չէ՞ որ ես էլ ջութակ եմ գնելու․․․ (Տխուր ու հանդարտ ձայնով): Ես դեռ շատ փոքր էի, երբ տեսա երազում, որ մի ծերուկ ինձ ոսկելար ջութակ տվեց։ Երբ ես աղեղը քսեցի լարերին, ջութակը ճչաց ու ես արթնացա։ Մարթան, Կլարան լալիս էին, մայրս ճչում էր ցնորվածի պես, բանվորները այլալյած վազում էին դես ու դեն, կաթսան պայթել ու սպանել էր հորս։ Մենք հեռացանք գործարանի հանրակացարանից, իսկ ջութակի ճիչը մնաց այստեղ (Ցույց է տալիս կուրծքը) կրծում է ու ճնշում։ Երբ ասում եմ մորս, նա չի հասկանում։ Մարթան ասում է, որ ամենքս էլ ծնված ենք մեր բաժին բեռով, որ պիտի ճնշե մեզ գիշեր-ցերեկ․․․ (Մնում է մի պահ լուռ) Երբ ջութակ ունեցա, պիտի նվագեմ, որ հալվի վերանա այդ ճնշումը իմ կրծքի վրայից, պիտ նվագեմ, որ մարդիկ իմանան իմ ցավը, իսկ երբ նվագեցի, չեն արգելի, ուզեն չուզեն կլսեն․․․ (Ընդհանուր աննպաստ տրամադրությունը նկատելով) Ես գող չեմ։ (Լալիս է աղեկտուր) Ես շնիկը բերի, բարի օրիորդը ինձ խոստացավ վարձատրել։

ՕՐԻՈՐԴ.— Թողեք նրան, նա ճիշտ է ասում։

Մի ջանել շքեղ հագնված երիտասարդ.— Չեմ հասկանում, պարոնայք, ակներև է, որ մենք գործ ունենք (գլուխն է ցույց տալիս) հետ։ Նման դեպքում ամեն մի կարգասեր քաղաքացու պարտականությունն է դիմել ուր որ հարկն է։

ՕՐԻՈՐԴ.— (Զարմացած) Ինչե՞ր եք ասում, հայր, տո՛ւր․․․

ՏԱՆՏԵՐ.— (Հաստափոր ծերուկ) Վարձատրության մասին ոչ մի խոսք․․․

ՋԱՀԵԼ ՊԱՐՈՆ.— (Մակարին) Դուք ի՞նչ գործով եք պարապում․․․ կամ այսպես ասած, ը՜, ի՞նչ մարդ եք։