Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/81

Այս էջը հաստատված է

ՄԱԿԱՐ.— (Մտերմորեն ժպտում է) Ես հրեա Շմարցի համար քուրջ եմ հավաքում։

ՄԻ ՀԱՍՏ ԿԻՆ.— Քաղցած էիր, հաց ուզեիր. քո ինչ գործն է սեղանից գդալները հավաքել այն ժամանակ, երբ դեռ մենք նախաճաշած չենք։ (Ընդհանուր ծիծաղ):

ՄԱԿԱՐ.— (Որ ծիծաղում էր ամենքի հետ) Հավատացեք, ես ոչինչ չեմ վերցրել։ (Դիմում է օրիորդին) Որոնեցեք (Դուրս է քաշում գրպանները) Տեսեք, օրիորդ, չկա ոչինչ:

ՀԵՏԵՎԻՏ ՄԵԿԸ ԻՐ ՀՂԻ ԿՆՈՋԸ.— Մաշա, քեզ այդ դրության մեջ չի կարելի դիտել զանազան այլանդակություններ, գնանք (Թևանցուկ գնում են):

ՏԱՆՏԵՐ.— (Ինչ-որ հրահանգներ է տալիս մեկին, նա վազում է իսկույն դեպի փողոց):

ՕՐԻՈՐԴ.— Հայրիկ, ինձ թվում է, թե տղան անմեղ է։

ՏԱՆՏԵՐ.— Ավելի վատ։

ՕՐԻՈՐԴ.— (Զարմացած) Ինչո՞ւ։

ՏԱՆՏԵՐ.— Ուրեմն (Ցույց է տալիս գլուխը) Այս մասը վնասված է։

ՕՐԻՈՐԴ.— (Վախեցած հորն է փաթաթվում) Չես սխալվում, խեղճ տղա։

ՏԱՆՏԵՐ.— (Բռնելով աղջկա դունչը, համբուրում է նրան) Ես միայն քնածս ժամանակ եմ սխալվում։

(Մտնում է մի քաղաքապահ, քաջ իր դերի մեջ և մոտենալով Մակարին, բռնում է թևից ու գնում):

ՄԱԿԱՐ.— (Լալով) Ես ոչինչ չեմ վերցրել, որոնեցեք, հավատացնում եմ։

ՔԱՂԱՔԱՊԱՀ.— Ձա՛յնդ, լակոտ, տերերը սուտ չեն խոսում, դեմքիցդ երևում է՝ ինչ պտուղ լինելդ։

ԾԵՐՈՒԿ.— (Որ այդ ամենը դիտում էր ծառի ետևից, գաղտագողի մոտենում է քաղաքապահին) Փողոց դուրս գալուն պես թող ազատ այդ թշվառին, աստված սիրես, նա անմեղ է։

ՔԱՂԱՔԱՊԱՀ.— (Ցասկոտ սպառնում է նրան ու հեռանում):

ՀԱՍՏ ԿԻՆ.— Իսկ մատները, նկատեցիք, ես կարդացել եմ մի տեղ, որ գրպանահատները այդպիսի տղաներին վերցնում են սովորեցնելու իրենց արհեստը. բարակ, երկար մատներով խիստ դյուրին է մուտք գործել ուրիշի գրպանը, ժամացույցին կամ քսակին տեր դառնալու։

ՀՅՈՒՐԵՐԻՑ ՄԵԿԸ.— Ինչ աստիճանի ճարպկություն. մտել է գողության, կենսագրականն է պատմում։ Բանից դուրս է գալիս (Օրիորդին) որ ձեր հրաշալի նվագածության ունկնդիրներից մեկը և․․․