տարօրինակ երևաց։ Ասում էր, որ սիրում է երգը, ջութակը։ (Ծիծաղում է) Խորամանկ լակոտ էր․․․
ՄԱՐԹԱ․— (Կարծես խոր քնից արթնացած) Հա․․․ մի՛ ծաղրիր, հրեշ (Մոտենում է հարվածելու)։ Ճիշտ է, նա սիրում է երգը, նվագածությունը․․․ նա թույլ ու քնքույշ է, երազկոտ, բայց գող չէ։
ՏԱՆՏԵՐ.— (Չորս կողմը դիտելով) Զգույշ, թե չէ կհրամայեմ մազերիցդ քարշ տալով փողոց նետել․․․
ՄԱՐԹԱ.— (Դառնացած) Չես համարձակվի, լսո՞ւմ ես, դու այդ չես անի, հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ գարշելի, ճարպոտ (Ցույց է տալիս տունը) տուն-տեղ, ընտանիք, ոսկի գդալներ, ամեն ինչ ունես, ամեն հարմարություն, բացի մարդկային արժանիքներից․․․ ամեն ինչ ձեռք ես բերել, բացի մարդու կոչումից։ (Մի ինչ-որ կատաղություն իջնում է Մարթայի վրա, լացն ու ծիծաղը մրցում են նրա հուզված դեմքին. հանդուգն, վստահ ու իր միջավայրին հատուկ միմիկայով մոտենում է նա շվարած տանտիրոջը գոռալով) Հիշո՞ւմ ես այն ցոփ ու շվայտ գիշերները․․․ դու գնում էիր խեղճ աղջիկներիս մարդկային ամենանվիրական զգացմունքներն ու տրորում անպատկառորեն։ Մոռացած չես լինի․․․ Հիշո՞ւմ ես, թե ինչպես մեր անմեղ աչքերի առաջ բաց էիր անում լլկանքի անասելի արարքներ, մեզ գինով արբեցած սողալ տալիս ճարպոտ մարմնիդ շուրջը. դու քո անասնական քմահաճույքով ապականում էիր մեր սրտի անբիծ խորքերը, խաղում մեզ հետ, և հագեցած դեն շպրտում․․․
Մենք մեր եսը մոռացանք քո գրկի մեջ, քո լիքը քսակի առաջ և ինչ-որ մաքուր էր և սուրբ, կորցրինք առհավետ․․․ Մեր հոգին զրկվեց իր սրբազան բովանդակությունից, մեր միտքը հաշտվեց անբարոյական ապրումների մրի հետ ու դարձած մի անպարունակ պարկ՝ ընկանք փողոց, արթուն զինվորների պես, մեր դեմքի ու մարմնի արժանիքներին հարմար, դիրքեր բռնեցինք մայթերի վրա ու շեն քաղաքը լափեց մեզ վերջնականորեն։ Տե՛ս, այն սիրուն աղջկա տեղ կին է կանգնած քո դիմաց և քանի անմեղ աղջիկների դու փողոց նետեցիր, կին դարձրած․․․ (Մի պահ լռում է) Դու տուն-տեղ ունես, ընտանիք, ոսկի գդալներ․․․ (Հուզմունքից դողում է) Իսկ ես ոչինչ չունեմ։ Մի խեղճ եղբայր ունեի՝ նրան էլ հասավ քո ոճրագործ ձեռքը․․․ (Վրա է վազում և ուժգին ապտակում) Տո՛ւր եղբորս․․․
ՏԱՆՏԵՐ․— Լկտի․․․ անզգամ․․․ (Հարձակվում է) Ես քեզ․․․
ՄԱՐԹԱ․— (Ինքն իրեն կորցրած) Տուր, ասում եմ, մայրս ցնորվում է (Հարձակվում է նորից)։
ՏԱՆՏԵՐ․— (Եվս հարձակվում է Մարթայի վրա, ծերուկը վազում, կանգնում է նրանց մեջտեղ)։
ԾԵՐՈՒԿ.— (Անվախ) Մի դիպչեք աղջկան, ամոթ է․․․