ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Անպիտաններ, գոնե մի ուրախ երգ երգեցեք, առանց դրան էլ մոլորվել եմ վշտից․․․ ախ․․․ (Մտորում է տրտում ու երգում)․
Դու իմ սեր շուտ արի,
Ես այսօր չեմ կարի․
Հացի տեղ՝ տաք համբույր,
Ջրի տեղ գիրկդ տուր․․․ (Լռում է իսկույն)։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— Այ քեզ հիմար, այդպիսի պաշարով երկու օրից կսատկես քաղցած շան պես․․․
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Ես էլ «հավերժ հանգիստ» երգելով, ոտքերիցդ քաշելով կտանեմ աղբանոց թաղելու, վրադ մի խաչ կտնկեմ ու կերգեմ, որ աստ հանգչի մի հիմար ու ծույլ դերձակուհի, որ ապրում էր սիրով ու համբույրով (Ծիծաղում է)։
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— (Հեգնանքով) Կգրե՜ս, անգրագետները չեն գրում, սիրունիկս։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Մինչ այդ նա կզարգանա, կարդալ գրել կսովորի (Աչքով է անում Մարթայի կողմը և ծիծաղում է հեգնորեն)։
ՄԱՐԹԱ․— (Տխուր, ինքն իրեն) Խեղճ աղջիկներ, ապրելու ահը շշմեցրել է ձեզ, իսկ սերն ու համբույրն էլ սնունդ չեն տալիս մարմնին․․․ գրկում է լոկ հոգին, տանում հեռու, այս գարշելի իրականությունից, բաց թողնում երազանքի հովտում ազատ ճախրելու, որ հետ դառնալիս է՛լ ավելի մեծ կսկիծով զգա կյանքի արճիճյա լծի ճնշումը, (Դառն) անիծված կյանքի․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— Աղջիկներ, ձեզանից ո՞վ շաբաթ օրը ինձ մի մանեթ փող կտա։
ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— Դարձյալ, մի ամիս է 6 կոպեկս չես կարողանում տալ։
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ․— (Հեգնանքով) Երբ ունենա, կտա․․․
ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈԻՀԻ․— (Անճար) Աստված վկա կտամ, իսկ մի մանեթ ինձ խիստ հարկավոր է։ Մարթայից շաբաթ օրը շատ քիչ ստանալիք ունեմ։ Իսկ եթե դատարկաձեռն տուն գնամ, մայրս կսպանե ինձ, ինչ անեմ (Նայում է շվարած)։ Ա՜խ, մի հրաշք, մի փորձանք պատահեր, ազատվեի այս տանջանքից, մինչ այժմ հայրս անգործ է․ տանը ծախելու բան չէ մնացել։ Հինգ ամիս է տան վարձը տված չենք, միակ հույսը իմ աշխատավարձն է, այն էլ անիծվի․․․ (Մկրատը խփում է աթոռին ու կարում է կատաղաբար, լսվում է շչակի մի անսովոր տագնապալից ու երկար սուլոց)։