Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/88

Այս էջը հաստատված է

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մեր ախորժակը բաց է դեռ երեկվանից. աշխատեցնելիս րոպե չեն կորցնում, իսկ կերակրելու ժամանակ ժամերն են երկարացնում։

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Չես հավանում, մի կարի:

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Ինչո՞վ ապրեմ:

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Սիրով ու համբույրով (Ծիծաղում են):

(Ներս է մտնում ցրտից կապտած մի աղջիկ իրենից շատ մեծ կոշիկներով ու վերարկուով, խաչակնքում է երեսը, թևով սրբում սառած քիթը և ագահ հայացք ձգելով վառարանին, ասում սերտած դասի նման)— Աղջիկներ, մեր ավագ դերձակուհին ասաց, որ կարերդ թողնեք․․․ (Շուրջն է դիտում) կարերդ թողնեք ու դուրս գաք փողոց։ Ընդհանուր, (Նկատելով աղջիկների ծիծաղը, ինքն էլ է ծիծաղում) ընդհանուր գործադուլ է. ոչ ոք չպիտի աշխատի։ (Աննան ծածուկ մի խաշած գետնախնձոր է տալիս նրան, դերձակուհիները մերթ Մարթային են նայում, մերթ աղջկան: Դրսից ուժգին թակում են դուռը, լուսամուտը: Մի դեմք օդանցքից ներս նայելով գոռում է հուզված)— Ընկեր դերձակուհիներ, միացեք մեզ հետ. թող ոչ մի անիվ, ոչ մի ասեղ չպտտվի, չշարժվի, մինչև որ մեր արդար պահանջներին բավարարություն չտան մեզ հարստահարողները․․․ (Մի քանի դեմքեր մոտենում են լուսամուտին, ծիծաղում են, կանչում. օդանցքից ներս են ճոճում բռունցքներ: Մարթան որ այլայլված դիտում էր այդ ամենը, կարը ձեռին բարձրանում է տեղից և մոտենում աղջիկներին):

ՄԱՐԹԱ.— (Թույլ ձայնով) Ի՞նչ եք շվարել, (Ժպտում է) պատասխան տվեք աղջկան։

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մենք ձեր դեմ ոչինչ չունենք․․․

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Մենք կարը չենք թողնի, մի ժամից կգնանք (Դրսից գոռում են)— Ապակիները կփշրենք։

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Խելացնոր ընկնում է դես ու դեն հագուստները որոնում և կիսահագնված խաչակնքում է երեսը ջերմեռանդորեն մի քանի անգամ ու դուրս վազում):

ԵՐԿՐՈՐԴ և ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ.— (Գլխիկոր հագնվում են, ամաչկոտ նայում են Մարթայի կողմը և նույնպես խաչակնքելով գլխիկոր հեռանում են: Փողոցում ուրախ քրքիջ, ծիծաղ, աղմուկ է: Աննան սարքում է սեղանը և քաշվելով մի անկյուն սկսում է ջվալ կարել: Մարթան անհանգիստ մոտենում է լուսամուտին):

ԱՆՆԱ.— (Ինքն իրեն, ցնորամիտ) Խիստ կանուխ էր․․․ հայրդ քնած էր. նա չտեսավ, ես մի փոքրիկ փոս փորեցի գետափին և թաղեցի նրան։ Սաստիկ շտապելուս պատճառով փոսը նեղ եղավ և սիրուն տղան