պայթեց․․․ Դու կարծում ես կաթսա՞ն պայթեց, չէ աղջիկս, սուտ է, բանվորները խաբեցին, դու նրանց երբեք մի հավատա․․․ նա բարկությունից պայթեց, նախանձեց, որ ինձ ներում էին ուրիշները, ինձ գործ էին տալիս, ինձ հետ լավ էին վարվում. ահա թե ինչու պայթեց նա․․․ Երբ նրա մարմնի կտորները հավաքեցին, աջ ձեռքը չկար․․․ այդ այն ձեռքն էր, որով նա անվերջ հարվածել էր իմ գլխին․․․ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես մի սիրունիկ հրեշտակ այդ ջլոտ ու մրոտ ձեռքը երկինք տարավ աստծուն ցույց տալու և պատմելու իմ և իմ կրած զրկանքների մասին․․․ Ահա թե ինչու իմ գլուխը միշտ ցավում էր․․․ (Լալիս է)։ Իսկ երբ Մակարս մեռավ, ցավս էլ հետը տարավ․․․ Ես տեսա, իմ ձեռքովը դրի նրան խորունկ փոսի մեջ, Մակարիս կողքին, մի ահագին ծանր ցավ էր․․․ (Բարձրանում է ու հարձակվում Մարթայի վրա) Ես քեզ կխեղդեմ, իմ որդին գող չէր․․․ Նա ոչ մի գդալ չէր գողացել․․․ ընկած, պոռնիկ․․․ քեզ ի՞նչ, թե ես ուշ տուն կգամ, չե՞ս տեսնում, գործադուլ է․․․ Անտոնն էլ չեկավ․․․ (Մնում է ակնապիշ) Այս անգամ գործադուլը երկար կտևի․․․ Այժմ բանվորները անվախ են ու համառ․․․ Կարդալ գրել գիտեն․․․ Մարթա, աղջիկս, տուր քո լավ հագուստներից. գնամ շրջեմ, վախենում եմ մենակ մնալուց․․․ Ինձ կծեծեն բանվորները․․․ դու կարծում ես թե ես ցավ չե՞մ զգում․․․ տուր մի բաժակ օղի լցնեմ վերքերիս վրա, որ Մակարը հասցրեց․․․ տուր սիրուն, բայց անբախտ աղջիկս․․․ տուր․․․ (Հետզհետե հանդարտվում է). Ահա նստում եմ կարելու․․․ տուր մոռացվեմ. թեթևանամ․․․ (Մարթան խղճահարված մի բաժակ օղի է տալիս նրան, Աննան ագահ խմում է) Օ՜ֆ, ապրես. ես Մակարիս էլ քեզանից թաքուն օղի էի տալիս, ծխախոտ գնում, որ ամրանար, ժրանար՝ չեղավ․․․ Նա թույլ էր․․․ Նա էլ գնաց. տասնմեկ հատ թաղեցի․․․ մնացինք ես ու դու․․․ (Կարում է) Երբ 10 ջվալը վերջացնեմ, 13 կ. քեզ կտամ, միևնույն է (Մարթան լալիս է) մի լար, մի լար աղջիկս, միևնույն է, միևնույն է․․․ (Գրկում է ծնկները և մնում անշարժ):
(Անտոնը հանկարծակի ներս է վազում, իր սենյակից ինչ-որ վերցնելով նույնպես դուրս է գնում: Մարթան իսկույն լցնում է նրա համար կերակուր, նստում է գլխիկոր՝ հազիվ զսպելով արցունքների հորդ տարափը):
ԱՆՏՈՆ.— (Մոտենում է անսովոր կերպով ուրախ, հպարտ և ձեռքը Մարթայի ուսին ասում) Ի՞նչ ես մտածում, Մարթա, ինչո՞ւ տխուր ես։ (Քննելով նրա դեմքը) Դու լալի՞ս ես (Նստում է դիմացը): Ի՞նչ է պատահել, քեզ վիրավորե՞լ է մեկը, չէ՞ (Մարթան բացասական շարժում է գլուխը, հետզհետե հանդարտված): Դեհ հանգստացիր ու մի էլ մտածի, միևնույն է, առանց կռվի ոչ մի բարօրություն չի այցելի քեզ. իսկ ես այսօր մի պատառ բերանս դրած չեմ, ինչ կասես դրան։
ՄԱՐԹԱ.— (Ողջագուրանքով դիտում է նրան, աչքերում