Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/92

Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ.— Թող, հակառակ դեպքում կվերջացնեմ ու կհեռանամ: Ես ոչ մեկի գթությանը կարոտ չեմ․․․

ԱՆՏՈՆ.— (Տխրում է հանկարծ) Իսկ ես կարոտ եմ մանկութ։ Հավատա, ավելի քան կարոտ, հայր, մայր չեմ տեսել, երևի չեմ ունեցել, չեմ ունեցել քույր, եղբայր, ազգական․․․ ամբողջ կյանքս անցել է կռիվների, հալածանքի մեջ․․․ չգիտեմ ինչ է երջանկությունը, սիրված ու փայփայված լինելը մեկից․․․ (Դառնացած) Ինձ համար դեռ չեմ ապրած․․․ (Կշտամբանքով) Ուզեցի, խանգարեցիր․․․ քո մի ժպիտը, խրախուսական մի խոսքը բավական էր ինձ երջանկացնելու՝ զլացար․․․ թող քո կամքը լինի․․․ այս ձեռքը, որ այնքան վարպետորեն խաղում է ծանր մուրճի հետ, ձև տալիս շիկացած երկաթին, այս կոշտերով ծածկված ձեռքը մի մաքուր ու նուրբ սրտի հետ քեզ են հսկել տարի ու կես, գիշեր ցերեկ։ Այս ձեռքն ու սիրտս չեն խոնարհվել մեկի առաջ, չեն մուրացել երբեք, (Մեղմ) սակայն խոնարհվեցին քո առաջ (Շրջում է հուզված և ապա կանգնում Մարթայի դեմ): Ահ, երկաթ չես որ հետդ խաղամ իմ ուժով, սար չես, որ հիմնատակ տապալեմ, գնդակ չես, որ բաց կրծքով դիմեմ հարվածներիդ (Մեղմ ու սիրալիր) սակայն որքան անհաղթ ես դու, անընկճելի։ Ինձ կատաղեցնում է քո համառությունը։ Ես թույլ եմ քո դեմ հոգով ու հոգեկանով, կարոտ քո այդ գթոտ, խնամատար սիրույն, ռուս աղջկա այդ թանկագին սիրույն․․․ (Նստում է գլխիկոր և ծխում):

ՄԱՐԹԱ.— (Գունատված) Միշտ միևնույնը․․․ բանից դուրս է գալիս, որ ես բնածին մի գթության քույր եմ եղել, աշխարհ եկած կարմիր խաչը կրծքիս․․․ Իսկապես կարմիր խաչը կրծքիս․․․

Դեռ փոքր հասակից իմ խնամքին ու գթությանն են ապավինած եղել խլախտավոր, նիհար ու անվերջ լացող քույր ու եղբայրներ, իմ խնամքին ու գթությանն է հանձնված եղել ծանր ու անվաստակ աշխատանքից բրտացած, օղուց բթացած հայր։ Սա էլ (Ցույց է տալիս մորը) նույնպես։ Ավելի շատ ես եմ եղել նրան մայր, քան թե նա ինձ, անվերջ անարգել ծնել է և դեռ երեխա, ես եմ թեթևացրել նրա երկունքի ցավերը․․․ (Ցավատանջ) Դեռ 10 տարեկան չկայի և կյանքը ինձանից ոչ մի գաղտնիք չուներ․․․ մանկական խաղերի դեռ չմոտեցած, ինձ հրում էին կեղտի, ապականության, տառապանքի ու ոճրագործության ավերումներին ականատես լինելու և հաճախ անձամբ մասնակցելու, և այսպես 25 տարի, գթության քրոջ կարմիր խաչը կրծքիս ես շրջել եմ միշտ արթուն՝ կյանքի հիվանդանոցի անվերջ, անծայր սենյակներում, հիվանդ մարդկանց վշտի թերթիկները կարդալով, վերքերն ու քոսերը լվանալով, հառաչանքի անվերջ երաժշտությունը լսելով․․․ Վատնել եմ սեր, գութ, խնամք, վատնել եմ արբածի նման, անխնա, առանց հաշվի, բավ է, գեթ դու այլ կերպ վարվիր։ (Մնում է շվար ու ապա վճռական) Իսկ դու