քեզ պահապան․․․ (Վար է իջնում հանկարծ դիպչելով ջութակին, լարերը կարծես հառաչում են)։
ԱՆՆԱ․― (Աղերսանքով) Մարթա՛, մի կպչիր, Մակարս կբարկանա․․․
ՄԱՐԹԱ․― (Ուղղում է ջութակը) Ես փոշին սրբեցի։
ԱՆՆԱ․— (Ծիծաղում է)։
ՄԱՐԹԱ․— Երգդ մնաց, իմ թշվառ եղբայր․․․ (Լալիս է)։
ԱՆՆԱ․― (Առանց ետ նայելու) Մի լար աղջիկս, մի լար սիրուն ու թշվառ աղջիկս․․․ կարծում ես ես քեզ չե՞մ սիրում, չե՞մ խղճում․․․ քիչ առաջ ուզում էի հարձակվել Անտոնի վրա, խեղդել՝ մի դիպչիր իմ զավակին, մի խաբիր․․. (Համոզիչ) Դու նրան մի հավատա, նա քեզ չի սիրում, նա քեզ կծեծի կոշիկի պայտած կրունկով, իր կոշտ բռունցքներով։ (Մոտենում է) Ես չեմ թողնի։ (Գրկում է ու սեղմում կրծքին) Տասնմեկ հատը մեռան, միայն սա մնաց․․․ (Լալիս է) Մի դիպչեք սրան․․․ (Ընկնում է վար)։
ՄԱՐԹԱ․― (Տանում, տախտի վրա պառկեցնում) Պառկիր, հանգստացիր։
Աղմուկով ներս են մտնում Մարթայի ընկերունիները՝ Լիզան, դեղնագույն մազերով աղջիկ և մի ուրիշը, ձեռքին մի կապոց։
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Ձեզ չասացի՞, թե նա տանը նստած կլինի, առանց գիտենալու, թե դուրսը ինչ է կատարվում։ Մի դրան նայեցեք, կարծես գանձ է գտել ու ժպտում է ինքնագոհ, ինչպես էլ գիրացել է։
ԴԵՂԻՆ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ․— Հրամանքներդ միտինգներին ներկա չէ՞ր։
ՄԱՐԹԱ․— Ոչ օրիորդ, ինչի՞ս է պետք միտինգը, երբ քիչ առաջ իմ արհեստանոցում (Ցույց է տալիս) և՛ միտինգ էր, և՛ գործադուլ, և ապստամբություն․․․ (Ծիծաղում են)։
ԼԻԶԱ․― Կեցցեն․․․ Ինչ-որ հարստահարեցիր բավական է, սկսել էիր յուղ կապել, ինքդ կարիր ու ինքդ էլ կեր․․․ (Երեք մատները, թաթը մոտեցնում է Մարթայի քթին) չես ուզո՞ւմ․․․ (Ծիծաղում է)։
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ․— Կարծես հանքերի համար ենք եկել․․․
ԼԻԶԱ․— (Լուրջ) Դեհ, ուշադրություն, երկար խոսելու կարիք չեմ զգում։ Այս դերձակուհին էլ մեզ օրինակ։ Հա, Մարթա, մենք էլ չենք ուզում այս ճգնաժամին ձեռքներս ծալած նստել։ Ամենքը կազմակերպվում են, գործադուլ հայտարարում, պահանջներ առաջ բերում, իսկ որովհետև մենք, էհ աղջիկներ, արժե խոսել մեզ վրա, ո՛չ աշխատել ենք, ո՛չ էլ գործադուլ կհայտարարենք, պահանջելու էլ բան չունենք, վասնզի մենք ինքներս ենք մեզ վաճառում, ինչևիցե․ անենք, ինչ-որ կարող ենք, գնանք ապստամբների մոտ, մաքրենք, լվանք, խնամենք՝ դա էլ օգնություն է։