Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/101

Այս էջը սրբագրված է

125 Ոչ ոք չգիտեր հարցանել նորան՝
Ի՞նչն է պատճառը այդ դառն դրության.
Եվ համըր կուրծքից ոչ ձայն, ոչ հնչյուն
Չէր գալի վշտի բացահայտություն։

Բայց թե խորամուխ հայացք ձգեիր,
130 Փոքր առ փոքր նշմարանք ցավի
Գուշակում էին, որ նա վշտակիր
Սըգում է կորուստն հարազատ ազգի։

Նա տեսանում էր, որ անօրինակ
Ոգևորությամբ ներշնչած ցեղեր,
135 Կյանք են նվիրում որպես նահատակ,
Մահաբեր դաշտը ծածկում են զոհեր։

Նա տեսանում էր և իտալական
Շաղկապյալ սիրո միությամբ կնքած
Հաջողակ գործը, և գարիբալդյան
140 Զենքի հաղթություն, այնքան հռչակված։

Փրկության Քրիստոսն հորդորիչ ձայնով
Ընթացավ ահա՛ ազգերի միջին,
Ջարթեց բեռնավորն նորոգված ոգով,
Ողջունեց սիրով հասարակ գործին։

145 Փայլում է դրոշին մեծահոգության,
Թափվում է արյուն հայրենասիրի.
Իրավունք, պատիվ, նշանք ազգության
Վերականգնում են որպես մի կաղնի։

Ո՜վ ձայն Աստուծո, — և աշխատյալներ
150 Գալիս են հանգչել մեծ վաստակներից.
Երկրպագությունը, դափնի պսակներ
Բերում են նոցա ամենայն կողմից։