Մեծ են խոսքերով, բայց վհատ՝ հոգով,
210
Վերջացած ազնիվ ձգտողութենից.
Դատարկության մեջ կյանքը մաշելով
Ողորմելի են թշվառականից։
Չըսիրեց Լևոն և ո՛չ իսկ մեկին,
Ապավինեցավ լուռ առանձնության.
215
Փախավ ժպիտը, և խեղճի հոգին
Չըգտավ կայծ մի մխիթարության։
Նա զուրկ չէ՛ր սերից, մի ժամանակ կար
Երբ սիրո անույշ խորհրդածություն,
Որպես անձրևը գարնան զովարար,
220
Տալիս էր և՛ կյանք, և՛ նոր զորություն։
Ո՜վ սեր, ո՞ւմ արդյոք, որի մեջ մատաղ
Դեռ եռ է գալի մանկական արյուն,
Քնքուշ պատրանքով, ո՜վ ոգի չքնաղ,
Չես գրել թակարդ դեպ ի գերություն։
225
Եվ պոետական երևույթներով
Ո՞ւմ շրջակայքը չես լուսավորել,
Որ կենդանությանդ վառված նշույլով
Քեզ սրտի խորքում սեղան է կանգնել։
Սա՛ռն է այս դարը, և ես ավելի,
230
Քան թե մեկ այլ ոք, արհամարում եմ
Նյութապաշտությունն նորա անհոգի,–
Հակառակ դարիս, Սե՛ր, քեզ երգում եմ:
Երգում եմ թույնը դառն հարվածներիդ,
Օրից ծաղկում է բաժակը կյանքի,
235
Եվ քո, որպես օձ, գալարուն ժպիտ,
Եվ դժո՛խք, էլ դրա՛խտ հրապուրանքի: