265
Լսիր, առնում եմ թելը պատմության,
Թող նստի ախտը քո ինքնահավան.
Այդ ներելու չէ երբեք քեզ աստված.
Խորթ է սիրո հուրն սրտիդ քարացած։
Լևոն սիրում էր մանկության օրին։
270
Այն մի նազելի պարկեշտ աղջիկ էր.
Փոքրիկ, փափկամորթ ուներ նա ձեռներ։
Նորան շուտ թողուց հոգով վրդովված,
Երբ նախանձն ձգեց նորա մեջ կասկած,
Եվ այս է սիրո ընկեր անմեկին։
275
Իսկույն նկատեց աչքը սրատես,
Որ գիշեր-ցերեկ, որպես մի ստվեր,
Հածում են ախտոտ այն դժոխերես
Նորա հետքերով երիտասարդներ։
Որքան ջերմեռանդ սիրում ենք մեկին,
280
Նույնչափ հետամուտ ենք նորա սրտին.
Ամեն մի կասկածի խոսք վատահամբավ
Սիրուհու վերա՝ պատճառում է ցավ։
Սպառում է գութ. կրակված աչքեր
Թափում են նախանձ վրեժխնդրության.
285
Եվ պատահում է, ո՜վ ախտ մահաբեր,
Որ զո՜հ է գնում քնքուշ առարկան։
Արյունաշաղախ անկավ Դեզդեմոն
Կատաղութենից սիրող ամուսնու.
Բայց մեղավո՞ր էր կրակոտ Օթելլո՛ն.
290
Նախանձը խռովեց կուրծքն ափրիկացու։
Թեև դժվար է, որ մեր ժամանակ
Մի երիտասարդ, գրգռված նախանձից,
Խեղդեր ամուսին յուր բարձերի տակ
Եվ ինքը խեղդվեր ահագին ցավից։
295
Այժմ տղամարդիկ, ըստ մեծ մասին,
Մեր կանանց համար երկյուղալի չեն.