Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/11

Այս էջը սրբագրված է

ու փոքր հինգ ժողովածու՝ «Ընտիր բանաստեղծություններ» (կազմեց, խմբագրեց և առաջաբանը գրեց Ա. Ինճիկյանը, Երևան, 1941, ընդգրկում է 35 ոտանավոր և հատվածներ «Լեռնի վշտից»), «Երկեր» (կազմեց, կենսագրությունը և ծանոթագրությունները գրեց գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Շահազիզը, Երևան, 1947), «Բանաստեղծություններ» (ընդգրկում է 23 ոտանավոր, Երևան, 1956), «Երկեր» (կազմեց և խմբագրեց Ս. Ումառյան, Երևան, 1961)։

Վերջապես, Ս. Շահազիզի չափածո ստեղծագործությունները հրատարակվել են նաև «Հայ դասականներ» մատենաշարով, Հովհ. Հովհաննիսյանի, Ա. Ծատուրյանի և Վ. Միրաքյանի հարևանությամբ (Երևան, 1980)։ Վերջին երկու հրատարակությունները տառացիորեն կրկնում են Եր. Շահազիզի կազմած ժողովածուն և պատրաստած բնագրերը։ Դա, ի դեպ, ցարդ լույս տեսածներից լավագույնն է և ունի ուշագրավ մեկնաբանաթյուններ, այնինչ մյուսների մեջ ծանոթություններն ընդհանրապես բացակայում են։

Ներկա հրատարակությանը առ այսօր լույս տեսածների համեմատությամբ ավելի ամբողջական է։ Հատորը լրացված է ոչ միայն «Ազատության ժամեր»–ի այն բանաստեղծություններով, որոնք դուրս են մնացել Եր. Շահազիզի խմբագրած ժողովածուից, այլև «Հյուսիսափայլում» և այլուր հրապարակված գործերով, որոնք անտեսվել էին բանասիրության կողմից։ Եթե 1947 թ. հրատարակված «Երկերում» զետեղված էր 83 բանաստեղծություն և մեկ պոեմ, ապա սույն հատորում դրանց թիվը հասնում է 131-ի։

Շահազիզի երկերը հրատարակության պատրաստելիս նպատակահարմար գտանք «Ազատության ժամեր» և «Լեռնի վիշտը...» ժողովածուները տպագրել նույնությամբ, իսկ նրանցից դուրս մնացած նախորդ ու հաջորդ գործերը՝ «Այլ բանաստեղծություններ» բաժնում՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Ս. Շահազիզին վերագրված գործերը համախմբված են գրքի «Հավելվածում»։