Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/112

Այս էջը սրբագրված է

Ես մեռանում եմ, որպես շնչավոր,
Բայց բարի գործերս մեռնել կարող չեն.
445 Նոքա անմահ են, որպես երկնավոր
Արարչի տիեզերք, թեև դարք սահեն:

Այսօր ծնել ենք, որ էգուց մեռնենք,
Որ մեր հողիցը նոր ազգեր դուրս գան.
Մեք, որպես ալիք, միմյանց փոխում ենք,
450 Այսպես է վճիռն մարդկեղեն կոչման։

Եվ նորա համար իմ կյանքն ունի գին
Որ պիտի ջնջվի և ոչնչանա,
Որպես ծաղիկը աշնան միջոցին.
Շնչեց փոթորիկ, և ահա չըկա։

455 Եվ նորա համար ես բանավոր եմ,
Որ մինչ հետին շունչ պիտի մշակեմ.
Միշտ մտածելով և բարձրանալով,
Գիտության Հո՛րը ձեռներըս պարզեմ։

Ո՜վ սուրբ հայրենիք, այդ ի՞նչ զորություն,
460 Որ կապե քո հետ սերը մեր սրտի.
Ինչո՞ւ մեք պայծառ, երբ բարօրություն
Արտերիդ վերա զեղում է ոսկի։

Ինչո՞ւ մեք ամպած, երբ խոնարհում ես
Փառավոր ճակատ, — մեք մրրկալից
465 Չարի առաջև կանգնում ենք, որպես
Դարևոր կաղնին անշարժ նետերից։

Մի՞թե, ընթերցո՛ղ, դու չես նկատում,
Որ վառ է Լևոն որպես մի հընոց.
Տես, ի՜նչ հոսանքով է նա ծավալում
470 Ազգասիրության այն սրբազան բոց։