Այդ հառաչանք է հոգով խոցվածի,
Մի խորին կսկիծ վշտալի սրտի,
Սիրտ, որ պատրաստ է իսպառ պատառվել
Եվ հիվանդ եղբոր փրկություն գնել.
475
«Ցերեկ մրրկված, գիշեր դիվական...
Ցուրտ երա՛զ... բժժա՜նք... և քունը աչքիս
Հափշտակվում է — վշտի ուրվակա՛ն։
Ո՛չ վերջ, ո՛չ հանգիստ ալեկոծ մտքիս։
Ես չարագործ չեմ, ինչո՞ւ կապուտակ
480
Չէ ժպտում երկինք։ Ո՞ւր օրեր վարդի.
Ավա՜ղ, վաղ ընկան Տարտարի հատակ,—
Աշխա՜րհ աստուծո, բանտ ես զզվելի։
Թարշամում է սիրտս, ակա՜նջ դրեցեք.
Այնտեղ կըլսեք մի տխուր շրշյուն,
485
Որպես տերևը ծառից կիսաբեկ,
Տալիս է մահին հիվանդոտ աշուն։
Թևեր տվեցե՜ք և մի ժամ պարապ,
Դեպի արևելք կանաչազգեցիկ,
Ահի պարանոց, որպես մի կարապ,
490
Ուրախ կըթռչեմ անգին հայրենիք։
Կըթողում հյուսիս, բնության դագաղ,
Ե՛վ հիշատակներ պատանեկության,
Ե՛վ բարեկամներ, և՛ կույս մի չքնաղ,
Որ սեր շնչեց ինձ պղատոնական։
495
Այո՛, այն կույսը, յոր իմ սրտիս մեջ
Ծավալեց և՛ սեր, և՛ խաղաղություն,
Երբ ցնորների քաղցր ելևէջ
Բացեց ինձ դրախտ և անմահություն...»