Այսպիսով՝ ներկա հրատարակությունը Ս. Շահազիզի չափածո ժառանգության առաջին լիակատար ժողովածուն է, ուր տեղ են գտել նրա բոլոր ավարտուն ոտանավորները՝ ինչպես հեղինակի կենդանության օրոք տպագրվածները, այնպես էլ Եր. Շահազիզի ջանքերով այլևայլ ձեռագիր աղբյուրներից լույս աշխարհ հանածները։
Հրատարակման համար հիմք ընդունված բնագրերի մեջ, համարյա բոլոր բանաստեղծությունների վերջում Ս. Շահազիզը նշել է դրանց գրության թվականները։ Առանձին դեպքերում, երբ այս կամ այն ոտանավորի գրության թվականը բացակայում է կամ, չգիտես ինչու, փոխված է հեղինակի կողմից, մատնանշված է առավել հավանականը։
Հեղինակի ծանոթագրությունները տրվում են համապատասխան էջերի տողատակերին, կազմողի ծանոթագրությունները՝ գրքի վերջում, հատուկ բաժնում, ուր տեղեկություններ են հաղորդվում հեղինակի կենդանության օրոք հրատարակված զույգ ժողովածուների, ինչպես նաև առանձին բանաստեղծությունների ստեղծագործական պատմության մասին, մեկնաբանվում են նրանցում առկա անուններն ու պատմական անցքերը։ Այդ առումով՝ ամբողջությամբ օգտագործված են Եր. Շահազիզի հավաքած նյութերը։
Նախորդ ժողովածուներում սպրդած վրիպակներն ուղղված են՝ մասամբ օգտագործելով հեղինակի ցուցումները, մասամբ էլ՝ Եր. Շահազիզի կազմած ժողովածուի ուղղումները։ Ուղղագրությունը և կետադրությունը վերանայված են ըստ ներկայումս գործող կանոնների։