Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/132

Այս էջը սրբագրված է

285 Քանի՞ ծնողներ դառն արտասուքով
Ողբացին կորուստ հարազատների,
Քանի՞ ծովացան լացով, կսկիծով
Առագաստները նորեկ հարսների։

Ահագին ժայռեր և ապառաժներ՝
290 Ծավալված լուռով նոր արշալույսի,
Ցըցված են այստեղ։ Մարգագետիններ
Առոգված ցողով հանդես են գալի։

Հառաջ և հառաջ, և ոչ մի վայրկյան
Չէ կանգնում Լևոն։ Թեքվում են սարեր։
295 Ծածկվում են կաղնիք, և նոր տեսարան,
Նոր փոփոխություն, և նո՜ր հրաշքներ։

Թո՛ղ մեղկ, նրբասեր որդիք բնության
Չսիրեն Լևոն, որ, թափառական,
Չափում է վայրեր, անմարդ անապատ,
300 Վերջ չդնելով ախտին հուսահատ։

Ոչինչ հաճություն թո՛ղ չպատճառե
Նոցա, որ անբաժ են կնոջ ծոցից,
Որոնց դատարկ կյանք անհոդ սահում է
Զբոսանքի մեջ աղաղակալից։

305 Լևոնի հոգին, որ այնքան ցավով
Ատում է հանգիստ, նման է կյանքին
Հարազատ ազգի, որ լի բաժակով
Ճաշակում է թույն դագաղի կողքին։

Զմրխտյա դաշտեր, այստեղ համասփյուռ
310 Մանուշակ, հասմիկ — գարուն սիրելի—
Դալար հովիտից փչում է զեփյուռ,
Քաղցր, որպես շունչ դեռաբույս կուսի: