Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/133

Այս էջը սրբագրված է

Տե՛ս, ականակիտ այստեղ ջինջ առվակ
Հեզիկ վազում է ծաղիկների տակ.
315 Վայրի շուշանը գլխիկը կախած,
Գգվում է ջուրը և է զմայլած։

Լևոն կարծում է, որ այդ պարզ ջրեր
Հեռու կըտանեն կսկիծը սրտի.
Կըժպտա գարուն, կըգան ծիծառներ.
320 Փոքր-ինչ կըզարթի վշտացած հոգի։

Զարկում է քնարին, բայց նա հնչում է
Մի սրտասարսուռ, տխուր եղանակ.
«Ողբա՛, պատանի, — նա շշնջում է,—
Քեզ վաղ է ըմպել փրկության բաժակ։

325 Դու կորցրեցիր այն րոպեից
Բախտի ժպիտը, երբ Հայաստանի
Փշրեցավ փառքը քո հատուկ ձեռից,
Եվ կըգտանես, երբ նորից կըկանգնի։

Ո՜հ, մի՜ խնդրիր ինձ, իմ դևն՝ թախծություն,—
330 Ուտում է հոգիս այնպես կատաղած։
Անմի՜տ պատանի, ի՞նչ ուրախություն.
Հայի սրտի մեջ դժո՜խք է ծածկված։

Դժոխք է, ասեմ, այն տգիտության,
Որ, որպես ճճի, ուտում է նորան,
335 Որ խանգարելով և՛ ուսում, և՛ լույս,
Չէ թողել նորան բարօրության հույս։

Նա ամենայն բան պատրաստ է գործեր
Հայրենիք, պարծանք թշնամուն մատնել.
Փո՛ղ նորան տվեցեք, նա փող է սիրում,
340 (Միայն առանց փո՛ղի դագաղ է գնում)։