Մեք կկապեինք մայրենի խոցեր,
190
Նորան կտայինք բոլոր մեր զարդեր.
Մեք Հայի վիշտով կվշտանայինք
Եվ թշնամու դեմ սո՛ւր կհանեինք։
Վկա է աստված, ոչ ոք նոցանից
Ո՛չ խրատեց մեզ և ո՛չ կշտամբեր,
195
Երբ սիրտս, սթափված անհոգ օրերից,
Առաջին ծնունդն օտարին նվիրեց»։—
«Ուրե՞մն ծնողնե՞ր, ուրե՞մն հա՞յր, մա՞յր
Պատճառ են այսչափ ազգասպանության.
Բայց ո՞ւր է ամոթ։ Ո՜վ անառակ դար,
200
Ո՜վ անջնջելի խայտառակության։
Հայը կորչում է, նոքա անհոգ են՝
Խեղդված ծովի մեջ շահըստացության.
Սուրբ ազգությունը արհամարհում են,
Որպես անպիտան կոտրած մի աման»։
205
Այսպես, ման գալով լայն փողոցներում,
Լևոն տեսնում էր մի անառակ կյանք,
Որ սիրելի էր հին Ասիայում,
Մի բթացա՜ծ կյանք և անընդունակ։
Այդ դատարկ կյանքը, ուր լոկ պերճություն,
210
Խառն ունայնասեր հրապուրանքով,
Ուր արևելյան անկարգ հղփություն
Գոռոզանում է յուր լկտի դեմքով։
Այդ նանիր կյանքը թափում է, յուր թույն
Բոլոր շրջակա բնության վերա.
215
Հոգի, հավատ, կամք, ուսում, կրթություն.–
Սոքա մի խոսքով մնում են անզգա։