ՀԱՌԱՋԱԲԱՆ
Մատուցանելով այս իմ փոքրիկի գրքույկը մեր այժմյան կարդացող հայոց ժողովրդյան դատաստանին՝ ես պարտ եմ համարում ասել մի քանի խոսք որպես իմ ոճի, նույնպես և ոտանավորներիս մասին։ Երկրորդ հատորը իմ շարադրության գրած է ժամանակակից աշխարհաբար լեզվով, որ եթե ո՛չ բոլորը, գոնե, ըստ մեծի մասին, ամենայն մտածող հայ մարդ կարող է հասկանալ առանց աշխատանքի և բառարանի։ Շատ անգամ հարկ եղավ ինձ գեղեցիկ գրաբար ձևեր փոխել աշխարհաբար (թեպետև միանգամայն ճշմարիտ զգացմունքով գրվածը չի փոփոխվում) հատուկ նրա համար, որ առավել մոտենայի լինի ժողովրդին, այնուամենայնիվ, ես շատ լավ զգում եմ, որ անհամար պակասություններ կան ոճի կողմից իմ ոտանավորներիս մեջ, պատճառ, որ մեր այժմյան–խոսակցական լեզուն շատ թերություններ ունի։ Այս նոր բան չէ. շատ անգամ անկարելի է լինում բացահայտել մի լիակատար սրտի զգացողություն կամ մի ամբողջ զրույց, դեռ նա չունի այն կատարելությունները, այն դարձվածները, այն ձևերը, որոնցով կարող էինք արձակ խոսել և գրել։ Բայց, սիրելի ընթերցող, ներեցեք, ես ամենևին հեռացա իմ բուն նպատակից, ես ցանկանում էի ասել, որքան և չլինի, կանոնավոր և գեղեցիկ ոճով բան գրել աշխարհաբար՝ հե՛շտ չէ, որովհետև նա չունի, ինչպես առաջ ասացինք, հաստատուն կանոններ և նոր իդեաների բառեր, և, ուրեմն, եթե հեղինակները այսպիսի դիպվածում կհանդգնեն մուծանել մի քանի տեխնիկական բառեր՝ ընդունած բոլոր քաղաքականացյալ և լուսավորյալ եվրոպական ազգերից, նոր հայոց գրականության շրջանը, իհարկե.