405
Այսպես են նոքա կյանքը հասկանում,
Անբան կենդանուն հավասարվելով.
Նոքա կորչում են գիճին անկողնում,
Որպես սուլթանը յուր պիղծ հարեմով:
Ո՛չ գիրք, ո՛չ ուսում և ո՛չ կրթություն
410
Չունին նոցա հետ հաղորդակցություն.
Սոքա և գյուտերն լուսավորության,
Որպես դաշտի մեջ ղողանջող մի ձայն։
Բայց բոլոր կյանքը անօգուտ ապրել՝
Եվ ոչնչանալ որպես որդ կամ ցեց,
415
Եվ այս աշխարհից նախատինք տանել
Հայե՛ր, ո՞վ այդպես ձեզ ծանր պատժեց։
Շեշտե՛ց վերջին խոսք, և շեշտե՛ց կրկին,
Ավարտեց զրույց Լևոն ազգասեր...
Շատ կծու բաներ պատմեց Հարստին,
420
Բայց խուլ և համր էր նորա ականջներ։
Ճեմում է Հարուստն նույնպես փառավոր,
Նույն ագահությամբ նա երազում է
Մթերել գանձեր միլիոնավոր.
Նորա ի՞նչ բանն է, որ Հայը մերկ է։
425
Նա սողալ գիտե Առյուծի դրան՝
Խնդրելով ճնշող կնուտից ապավեն.
Արծաթով գնել գողակից իշխան,
Կաշառող կուրծքին ձգել ժապավեն։
Մեր մեջ սահում է մեծ թշվառություն,
430
Ո՛չ ոք չէ կարող մտածել յուր պես,
Ո՛չ ոք չէ հայտնում յուր դատողություն,
Որ չասեն նորան. «ա՞խ, դու սևերեստ։