Ինչո՞ւ չեն զարթնում քնից դարևոր,
Որ կենդանության նշույլք ծագի։
Ես քանի՞ անգամ երկնքից հարցրի,
210
Քանի՞ աղոթքով դեպ երկիր դարձա.
Ասացե՛ք դուք ինձ, ո՞ր Բռնավորի
Շարժեցավ ձեռը Անպարտիդ վերա։
Եվ չունի՞ս արդյոք ոչինչ զորություն,
Հիվա՞նդ ես, ասա, կորո՞ւստ օրհասի.
215
Եվ ո՞վ խանգարեց քո վառ մանկություն,
Լուսի՞ն Մահմետի, թե բա՞րքը Հայի։
Եվ մի՞թե ոչ ոք քո զավակներից
Փայլատակելու չէ՞ սուսեր ձեռին,
Փոթորի՞կ, հրդե՞հ վիրավոր կուրծքից
220
Անվախ թափելով ոսոխի գնդին։
Պատկառելի՛ կին, մա՛յր մեր նետահար,
Այրիության մեջ անպատիվ եղած.
Աչքերում արյո՛ւն, մազերն անհարդար...
Ապտակակո՛ծ է, անբո՜ւյժ խոցոտված։
225
Մի վե՛ր կաց, կանգնի՛ր, աշխարհ Հայաստան,
Մի թա՛փ տուր ուժով, թո՛ղ ճեղքվին կապանք.
Ահա՛ քեզ արյուն իմ նվիրական,
Թո՛ղ ցողեն դաշտերդ փրկության հոսանք։
Շնչեց փոթորիկ, օտար ալիքներ
230
Եկան, խեղդեցին քո կյանքի տապան.
Քանի՜ սիրելի՛, հարազատ հույսեր
Փլատակվեցան և անդա՛րձ կորան։
Այստեղ Հայի կյանք... չըկա Հայե կյանք,
Այլ կա մի կապանք, մի անվե՛րջ կապանք...