Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/178

Այս էջը սրբագրված է

Ա՛հ, մի կապարյա ճնշող ծանրություն
515 Եկավ և նստեց իմ կուրծքի վերա։

Ես Լևոնի հետ ճանապարհ գնալով
Իմացա, որ կյանքն չէ մի զբոսանք,
Այլ պատերազմ է լի փորձությունով,
Ուր Նահատակի բաժին է զրկանք։

520 Ես սովորեցա ուղիղ մտածել,
Հայտնապես ազգիս արատքը գրել,
Եվ գովասանքից սաստիկ վախելով
Ուսա առաջին փշրել հարվածով։

Ես արհամարել գեղեցիկ ուսա
525 Նոցա, որ գիտեն երկդիմի լինել,
Խիղճը գնելով արծաթի վերա,
Լկտի սատանան՝ հրեշտակ անվանել։

Ո՛չ տխուր ցնորքը պատվասիրության
Շարժառիթ էր ինձ այս գործ ձեռնարկել
530 Ո՛չ անմիտ խոսքերն ինքնագովության,
Ինչպես սովոր են հիմարք կակազել։

Կամ ձգտողություն մի նախատելի,
Որին հավան է սևերես հոգին
Ո՛չ, ո՛չ, չեմ սրտում—կախաղան չարին,
535 Սիրելի՛ք, ախտ չէր այս փառամոլի։

Այլ ազգիս վիճակ, տխուր բախտն Հայի
(Եվ այստեղ խիղճըս ունիմ ինձ վկա),
Գրգռեց գործս այս. և ողջունեցի։
Ների՛ր, ընթերցո՛ղ, ես ափի՛ն հասա: